Առցանց տիրույթում Արոնյանը պարտվեց Գրիշչուկին
СПОРТՌուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը 11.5-9.5 հաշվով հաղթանակ է տոնել Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի նկատմամբ: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Chess.com»-ին, որը առցանց մենամարտ էր կազմակերպել երկու շախմատիստների միջև, տեղեկացնում է, որ շախմատային այս դուելի հաղթողը հաջորդ անգամ կխաղա Մագնուս Կառլսեն-«Chess. com»-ի ընտրական փուլը հաղթահարած շախմատիստ դիմակայության հաղթողի հետ:
«Chess.com»-ի կազմակերպած «GM Blitz Battle» մրցաշարին մասնակցելու համար թե Երևանից խաղին միացած Արոնյանը, թե Մոսկվայից խաղացող Գրիշչուկը ստացել էին 1000-ական դոլար, սակայն ևս 1000 դոլար խաղարկվում էր՝ առցանց մրցակիցների ցուցաբերած արդյունքները հիմք ընդունելով: Այսպիսով՝ Գրիշչուկը ստացավ 1547.60 դոլար, իսկ Արոնյանը՝ 1452.40 դոլար:
Առցանց հեռարձակվող այս դիմակայությունը, որն ավելի քան 3 ժամ տևեց, գրավել էր ոչ միայն շարքային շախմատասերների, այլև պրոֆեսիոնալների ուշադրությունը: Թե շախմատային թագի տիրակալ Մագնուս Կառլսենը, թե անվանի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան անընդատ փորձում էին առցանց տիրույթում մեկնաբանել դիմակայությունը:
«Ինձ համար նշանակություն չունի, թե ով կհաղթի, բայց Գրիշչուկն ամեն անգամ խաղասկզբում որոշակի առավելություն ուներ»,- նշել էր Նակամուրան:
Արոնյանն իր հերթին դեռևս մենամարտից առաջ նշել էր, որ սիրով է ընդունել Գրիշչուկի հետ առցանց պարտիա անցկացնելու առաջարկը. «Սաշան լատ հետաքրքիր ու ստեղծագործ խաղացող է, այդ պատճառով ինձ միշտ հաճելի է նրան դիմակայելը: Նախկինում ևս առցանց մրցելու փորձ ունեցել ենք միմյանց դեմ, այնպես որ սա առաջին դեպքը չէ: Հույս ունեի՝ հավասար խաղ կլինի: Տարբերությունն իմ ու Սաշայի միջև այն է, որ նա բլիցին շատ լուրջ է վերաբերում, մինչդեռ ինձ համար կարևորը խաղից հաճույք ստանալն է: Ես չեմ նայում հաղթանակին կամ պարտությանը: Վերջնարդյունքում դա տեսանելի կլինի:
Իսկապես, Արոնյանը ցուցադրեց բավականին անկաշկանդ խաղ՝ չմտածելով արդյունքի մասին: Մինչդեռ Գրիշչուկն իսկապես փորձում էր լավ արդյունքի հասնել՝ հաջորդ փուլ անցնելու լավ հնարավորությունը չցանկանալով զիջել հայ գրոսմայստերին:
«Chess.com»-ի ներկայացուցիչները որոշել են հաջորդ «Blitz Battle»-ի մասնակցիներին. մայիսի 4-ին միմյանց դեմ կխաղան Պենթալա Հարիկրիշնան և Հիկարու Նակամուրան: