Սարկիսովն ու Պիզելին իրենց թիմերի հիմնական կազմում էին
СПОРТՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամները իրենց ակումբների կազմերում աչքի են ընկել արդյունավետ խաղով:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի առաջնության հերթական տուրում Նիժնի Նովգորոդի ներկայացուցիչ «Վոլգան», որի կազմում հանդես է գալիս հարձակվող Արթուր Սարկիսովը, սեփական հարկի տակ 4-1 խոշոր հաշվով հաղթել է Իրկուտսկի «Բայկալին»:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը մասնակցել է ամբողջ խաղին, աչքի ընկել ակտիվությամբ: Հանդիպման 62-րդ րոպեին հենց Սարկիսովի փոխանցումից հետո է պաշտպան Կոնստանտին Գարբուզը խփել իր թիմի 3-րդ գնդակը: Հանդիպման 64-րդ րոպեին էլ խաղադաշտ է դուրս եկել հայազգի ֆուտբոլիստ Արթուր Մինոսյանը: Սարկիսովը խաղի 67-րդ րոպեին նաև դեղին քարտի է արժանացել:
Սաուդյան Արաբիայի առաջնությունում ևս կայացել է հերթական տուրի հանդիպումը, որի շրջանակում Մարկոս Պիզելիի «Ալ Ռաեդը» հյուրընկալվել էր «Ալ Վեհդային»: Չնայած «Ալ Ռաեդի» ֆուտբոլիստներն առաջինն են բացել խաղի հաշիվը, սակայն վերջնարդյունքում հաղթել են դաշտի տերերը` 3-1 հաշվով: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: