Դավիթ Լոքյանի բաժնետոմսերի արժեքն անցնում է 100 միլիոն դրամի սահմանը
ЭКОНОМИКАՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար նշանակված Դավիթ Լոքյանը երեք տարբեր ընկերություններում 37 միլիոն 150 հազար դրամ բաժնեմաս եւ 104 միլիոն 92 հազար դրամի բաժնետոմս ունի: Այս մասին իմանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա` պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Ըստ հայտարարագրի` ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանին է պատկանում նաեւ մեկ բնակարան, մեկ առանձնատուն եւ մեկ հասարակական նշանակության շինություն:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են չորս հազար ԱՄՆ դոլար եւ երկու հազար եվրո: Իսկ նախարարի եկամուտները հունվարի մեկից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը`փետրվարի 24-ը, գոյացել են երեք ընկերություններում առկա իր բաժնեմասերից եւ բաժնետոմսերից` միասին կազմելով չորս միլիոն 600 հազար դրամ:
Դավիթ Լոքյանը տարբեր տարիներին զբաղեցրել է նաեւ քաղաքաշինության եւ գյուղատնտեսության նախարարի
պաշտոնները։ Նրա որդին` Սերգեյ Լոքյանը, ՀՀ վարչապետի խորհրդականն է:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան