Առաջին եռամսյակում ՀՀ տնտեսության հիմնական շարժիչ ուժը եղել է գյուղատնտեսությունը
ЭКОНОМИКАԱյս տարվա առաջին եռամսյակի տվյալների ամփոփումը ցույց է տվել, որ տնտեսության զարգացումն ընթանում է նախորդ տարվա համեմատ ավելի դանդաղ տեմպերով: Այս մասին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի առաջին եռամսյակի հաշվետվության քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: «Աճի դանդաղ տեմպերը հիմնականում պայմանավորված են առևտրի ոլորտի անկման հետ: Տնտեսական ակտիվության հիմնական շարժիչ ուժը եղել է գյուղատնտեսությունը»,- նշեց Ջանջուղազյանը:
Նա տեղեկացրեց, որ 2015 թվականի առաջին եռամսյակի միջին գնաճը կազմել է 5.1%: Արձանագրվել է պետական բյուջեի ընդհանուր եկամուտների անվանական շուրջ 2.5% և ծախսերի գծով 11.9% աճ: Հարկաբյուջետային քաղաքականությունը 2015 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ամբողջական պահանջարկի վրա թողել է ընդլայնող ազդեցություն:
Հաշվետու ժամանակահատվածում վերջնական սպառումն իրական արտահայտությամբ աճել է 2.2%-ով: «Վերջնական սպառման կառուցվածքում պետական և մասնավոր սպառման տեսակարար կշիռները 2015 թվականի առաջին եռամսյակում կազմել են, համապատասխանաբար, 14.5% և 85.5%, ընդ որում, իրական արտահայտությամբ պետական սպառումը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 6.7%-ով, իսկ մասնավորը` 5%-ով»,- նշեց Ջանջուղազյանը:
Նա հայտնեց, որ կապիտալ ներդրումները իրական արտահայտությամբ նվազել են 2.9%-ով՝ պայմանավորված հիմնականում պետական ներդրումների նվազմամբ, որը գնահատվում է 26.2%: Մասնավոր ներդրումների իրական աճը գնահատվում է 1.1%:
Ներդրումների փոփոխությանը դրական է նպաստել ծառայությունների ճյուղում կատարված ներդրումների աճը, բացասական ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղում կատարված ներդրումների նվազումը: Մասնավորապես, հանքագործության ոլորտում ներդրումները նվազել են 59.6%-ով, մշակող արդյունաբերության ոլորտում` 15%-ով, գյուղատնտեսության ոլորտում՝ 11.5%-ով, իսկ անշարժ գույքի հետ կապված գործունեության, կացության և հանրային սննդի կազմակերպման, պետական կառավարման ու պաշտպանության ոլորտներում ներդրումները համապատասխանաբար աճել են 7 .5 անգամ, 2.5 անգամ և 56.2%-ով:
2015 թվականի առաջին եռամսյակում ապրանքների և ծառայությունների արտահանման իրական ծավալները դրամային արտահայտությամբ նվազել են 1.7%-ով՝ պայմանավորված արտաքին պահանջարկի նվազմամբ և արտաքին շուկաներում արտահանողների գնային մրցունակության թուլացմամբ: Մյուս կողմից, ապրանքների և ծառայությունների ներմուծումն իրական արտահայտությամբ նվազել է 24.9%-ով, ինչը պայմանավորված է եղել հումքային ապրանքների ներմուծման և բնակչության իրական տնօրինվող եկամուտների կրճատմամբ: