Մխիթարյանը վստահ է «Բորուսիա»-ի ուժերին
СПОРТՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Դորտմունդի «Բորուսիա»-ի առաջատար Հենրիխ Մխիթարյանը «Շալկե»-«Բորուսիա» ռուհրյան դերբիից հետո հակիրճ պատմել է իր տպավորությունների մասին: Վկայակոչելով «Բորուսիա»-ի՝ Twitter միկրոբլոգային պաշտոնական էջին, հայտնում է, որ հայ ֆուտբոլիստը նշել է, թե գրանցված ոչ-ոքի արդյունքը գոհացուցիչ չէ իր թիմի համար:
«Կարող էինք հաղթել: Բավականաչափ հնարավորություններ ունեինք հաղթանակի հասնելու համար: Երկրորդ խաղակեսում թիմերի խաղից ենթադրել կարելի էր, որ սա դերբի է, քանի որ երկու կողմներն էլ բավականին ակտիվ էին, հարձակվողական ֆուտբոլ էր»,- ասել է Մխիթարյանը, ով խաղի ընթացքում կատարել է իր՝ մրցաշրջանի ընթացքում 24-րդ գոլային փոխանցումը:
Մխիթարյանը չի թաքցրել իր ուրախությունը գոլային փոխանցումների՝ Եվրոպայի առաջատար առաջնություններում մրցաշրջանի լավագույն արդյունքն ունենալու առթիվ. «Իհարկե, գոհ պետք է լինեմ, սակայն ավելի նախընտրելի կլիներ, եթե մենք կարողանայինք նաև հաղթել: Հաղթանակը կարող էր թե հոգեբանական, թե ֆիզիկական առումով ավելի արագ վերականգնվել ու մասնակցել «Լիվերպուլ»-ի դեմ խաղին: Իհարկե, ոչ-ոքին ևս վատ արդյունք չէ, բայց հաղթանակը կարևոր էր մեզ համար»:
Կարճ հարցազրույցի ընթացքում Մխիթարյանը խոսել է նաև «Եվրալիգա»-ի շրջանակներում սպասվող «Լիվերպուլ»-«Բորուսիա» պատասխան դիմակայության մասին՝ նշելով, որ «Բորուսիա»-ի երկրպագուները կարող են հավատացած լինել, որ թիմը կազմ ու պատրաստ կներկայանա Անգլիայում: