Թուրքիայի կառավարությունը քուրդ պատգամավորներին մանդատից զրկելու օրինագիծ են ներկայացրել խորհրդարան
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ խորհրդարանի պատգամավորների անձեռնմխելիությունը չեղարկելու մասին օրինագիծ են ներկայացնում խորհրդարանի քննարկմանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
«Պատագամավորների անձեռնմխելիությունը չեղարկելու մասին օրինագիծը պատրաստ է, այն արդեն ստորագրված է: Այսօր կամ վաղը կառավարությունն այն կներկայացնի խորհրդարան», -ասել է նա` իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունում ունեցած ելույթում:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ խորհրդարանին կոչ էր արել պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենք ընդունել, որոնք «աջակցում են» Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) եւ իր խոսքով` «նրա հետ կապված» սիրիացի քրդերի կազմակերպությանը (YPG) (Թուրքիան PKK-ին եւ YPG-ին ահաբեկչական է անվանում):
Թուրքիայի արդարադատության նախարարությունը 8 քուրդ պատգամավորների, այդ թվում` թուրքական խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցնող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել երկրի խորհրդարան` մեղադրելով նրանց PKK-ի հետ համագործակցության մեջ:



