«Միկա»-ն դուրս եկավ Գավաթի խաղարկության եզրափակիչ
СПОРТՀայաստանի ֆուտբոլի գավաթի 2015-2016թթ. մրցաշրջանի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցը հայտնի է: Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Գանձասար Կապան»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Միկա»-ին և պարտվել հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում:
Այս երկու թիմերի դիմակայության առաջին խաղում, որը տեղի էր ունեցել «Միկա»-ի հարկի տակ, 1-0 հաշվով հաղթել էր Կապանի ներկայացուցիչը: Սեփական դաշտում պատասխան խաղից առաջ շատ ավելի հավանական էր «Գանձասար Կապան»-ի եզրափակիչ դուրս գալը, սակայն ֆուտբոլում ամեն ինչ միշտ չէ, որ պարզ է և օրինաչափ: Հանդիպման հիմնական ժամանակում «Գանձասար Կապան»-ը նույն 0-1 հաշվով պարտվեց «Միկա»-ին: Երևանյան ակումբի կազմում հանդիպման առաջին կեսում գոլ հեղինակեց Ալեքսեյ Կիսելյովը` առաջ մղելով իր թիմին:
Երկրորդ խաղակեսում «Գանձասար Կապան»-ին չհաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը, իսկ «Միկա»-ն էլ չկարողացավ ավելացնել ձեռք բերված առավելությունը: Արդյունքում նշանակվեց լրացուցիչ ժամանակ` հաղթողին որոշելու համար: Լրացուցիչ ժամանակում ավելի վտանգավոր էին գործում դաշտի տերերը, որոնք շատ մոտ էին եզրափակիչ դուրս գալուն, սակայն հետխաղայա 11 մետրանոց հարվածաշարի հեռանկարին գրեթե համակերպված «Միկա»-ին հաջողվեց իրականացնել սեփական մտադրությունը:
Երկու թիմերն ուժեղին որոշեցին հետխաղյա 11 մետրանոցներով` այդկերպ խաղարկելով եզրափակչի ուղեգիրը: Մարզական բախտը ժպտաց Երևանի «Միկա»-ին, որը հաղթեց 6-5 հաշվով` հաջողությամբ ու առավել սառնասրտությամբ մոտենալով գործին` հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին:
Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչում «Միկա»-ի մրցակիցը կլինի «Բանանց»-ը, որն ապրիլի 12-ին ուղեգիր էր նվաճել կրկին մրցակցի հարկի տակ հաղթանակի շնորհիվ: