Փոխոստիկանապետին բնակարան են նվիրել
ЭКОНОМИКАԸստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանի 2015թ-ի տարեկան հայտարարագրի՝ վերջինս նախորդ տարվա ընթացքում 27 միլիոն 189 հազար դրամ արժողությամբ բնակարանը վաճառել է, փոխարենը՝ մեկ այլ բնակարան ձեռք բերել 30 միլիոն 109 հազար 170 դրամով: Ըստ այդ նույն հայտարարագրի՝ վերջին բնակարանը նա որպես նվիրատվություն է ստացել:
Փոխոստիկանապետի դրամական միջոցները նախորդ տարվա ընթացքում աճել են՝ 14 միլիոն դրամից դառնալով 25 միլիոն 800 հազար դրամ, 350 ԱՄՆ դոլարից՝ 450-ի, միայն եվրոն է մի փոքր նվազել՝ 200-ը դարձել է 175: Հովհաննիսյանի մեկ տարվա աշխատավարձն էլ կազմել է 5 միլիոն 15 հազար 292 դրամ:
Նրա կինը՝ Քրիստինե Ասլանյանը, 2015թ-ին երկու ավտոմեքենա է գնել, որից մեկը, սակայն, տարեվերջին կրկին վաճառել: Այսպես, կարծես թե Mercedes մակնիշի մեքենաների սիրահար տիկինը նախորդ տարվա ընթացքում 12 միլիոն դրամով ձեռք է բերել Mercedes-Benz E 200 մակնիշի մեկ ավտոմեքենա: Մեկ այլ՝ յոթ միլիոն 200 հազար դրամ արժողությամբ Mercedes-Benz E 320 մակնիշի ավտոմեքենա էլ գնվել եւ օտարվել է նույնպես նախորդ տարվա ընթացքում:
Փոխոստիկանապետի կնոջ դրամական միջոցներն էլ կազմել են մեկ միլիոն դրամ եւ երկու հազար 158 ամերիկյան դոլար:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան