Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցով լուրջ աշխատանքներ են տարվում
МЕЖДУНАРОДНОЕՂարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերի թեժ մարտերի ընթացքում Արցախում իրականացրած ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցով լուրջ աշխատանքներ են տարվում: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Այդ ուղղությամբ մասնագիտական լուրջ աշխատանքներ են սկսել արտաքին գործերի, արդարադատության, պաշտպանության նախարարությունները: Զբաղվում են պատկան մարմինները, որոնք հավաքում են անհրաժեշտ փաստերը միջազգային ատյաններին դիմելու համար: Լուրջ աշխատանք են տանում նաև հասարակական կազմակերպություններ, միջազգային իրավունքի փորձագետներ, որոնք իրենց միջազգային գործընկերներին տեղեկացնում են ադրբեջանական վայրագությունների մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նաղդալյանը:
Նա ընդգծեց, որ ԵԽԽՎ-ում և միջազգային խորհրդարանական այլ հարթակներում Հայաստանի պատվիրակությունները նույնպես տարբեր նամակներով և փաստերով իրենց օտարերկրացի գործընկերներին տեղյակ են պահում, թե այդ օրերին ինչ վայրագություններ և ռազմական հանցագործություններ են թույլ տվել ադրբեջանցիները: «ԵԽԽՎ առաջիկա լիագումար նիստին մեր պատվիրակությունը ներկայանալու է լուրջ փաստերով զինված: Մենք անպայման բարձրաձայնելու ենք ադրբեջանական կողմի վայրագությունների մասին: Նաև նիստի օրակարգում Լեռնային Ղարաբաղի թեմայով նշանակվել է ընթացիկ բանավեճ , որի ընթացքում ևս մեր պատվիրակության ներկայացուցիչները հնարավորություն կունենան ներկայացնել փաստեր»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:



