Հայրենական արտադրության դեղերի ծավալը ՀՀ շուկայում հասել է մոտ 14 տոկոսի
ЭКОНОМИКАՀայաստանյան դեղ արտադրող և ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում քառօրյա պատերազմի առաջին իսկ պահից իրավիճակին արագ արձագանքելու և առողջապահական համակարգի դեղորայքային առկա պաշարները համալրելու համար։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Արմեն Մուրադյանը ներկայացրեց, որ այդ օրերին առողջապահության նախարարությունը, անցելով շուրջօրյա աշխատանքային ռեժիմի և սերտորեն համագործակցելով ՀՀ պաշտպանության և ԼՂՀ առողջապահության նախարարությունների հետ, բժշկական բոլոր կազմակերպություններին ապահովել է անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյան բաղադրիչներով, նեղ մասնագիտական ներուժով։
Երկուստեք կարևորվեց այդ աշխատանքների, ինչպես նաև արյունատվության գործընթացների համակարգումը նախարարության կողմից։
Այնուհետև շարունակվեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումը։ Ներկայացված հարցերի շուրջ որոշակի փոխհամաձայնություններ ձեռք բերվեցին։
Նախարարը կարևորեց, որ մեր դեղարտադրողները զգալի առաջընթաց են արձանագրել` դեղերի ընդհանուր շուկայում մոտ կրկնակի անգամ մեծացնելով հայկական արտադրության դեղերի ծավալը և հասցնելով մոտ 14 տոկոսի, միաժամանակ մեծացնելով արտահանման ծավալները։
«Այս ոլորտը մեզ համար ոչ միայն գերակա, այլև ռազմավարական նշանակություն ունի»,-ասաց Արմեն Մուրադյանը` ընդգծելով դեղ արտադրողներին խրախուսելու կարևորությունը։ Ընդգծեց, որ պատրաստ է դեղ արտադրողներին և ներկրողներին հետաքրքրող սկզբունքային բոլոր հարցերի քննարկմանը, սակայն ընդունվող որոշումները չեն կարող լինել ի հաշիվ դեղերի որակի և անվտանգության»