Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը պարտվել է թուրքական մրցաշարում
СПОРТԹուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվող ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Վլադիմիր Մարգարյանը պարտվել է կիսաեզրափակիչում: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ 69 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մարգարյանը կիսաեզրափակիչում զիջել է իտալացի Վինչենցո Մանջիակապրեին:
Համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ եզրափակիչում ելույթ ունեցող բռնցքամարտիկները, ինչպես նաև 3-րդ տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը նվաճում են Օլիմպիական խաղերի ուղեգիր, այնպես որ 3-րդ տեղի համար մենամարտում մրցակցին հաղթելու դեպքում Մարգարյանը Հայաստանի բռնցքամարտի հավաքականի համար օլիմպիական ուղեգիր կնվաճի:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բավականին սուր է արձագանքել հայ բռնցքամարտիկների՝ օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում մղած մենամարտերում գրանցված մրցավարական անարդարություններին:
«Չնայած ձեռք բերած 2 վարկանիշներին, այնուամենայնիվ, Թուրքիայի մրցաշարը չկարողացավ պահպանել բռնցքամարտի արդար մրցավարական կանոնները հայ մարզիկների նկատմամբ: 56 կգ քաշային Արամ Ավագյանի մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն էր: Առաջին րոպեից սկսած ռինգի մրցավարն անհասկանալի կերպով 2 միավոր հանեց մեր բռնցքամարտիկից, իսկ բռնցքամարտում կորցրած 2 միավորը հետ բերելը գրեթե անհնար է»,- նշված է Բռնցքամարտի ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ, որտեղ որպես իրավիճակի պատճառ հիշեցվում է, որ նախորդ փուլում Արամ Ավագյանը հաղթել էր տեղացի՝ թո ւրք մարզիկին:
Բռնցքամարտի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ 64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը մեկ գլուխ բարձր է եղել մրցակցից, սակայն «անհասկանալի կերպով միավորները գնում էին հակառակորդին»: «Այնուամենայնիվ, տղաները չեն ընկճվել և պատրաստ են ապրիլի 16-ին պայքարել օլիմպիական ուղեգրերի համար»,- եզրափակվում է հաղորդագրությունը:
Այսպիսով՝ ապրիլի 16-ին 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կպայքարեն 3-րդ տեղի համար, որը նույնպես կապահովի Ռիոյի ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր: