Հայ ըմբիշը կիսաեզրափակչում պարտվեց վրացուն և կպայքարի բրոնզե մեդալի համար
СПОРТՍերբիայի Զրենյանին քաղաքում ապրիլի 15-ից մեկնարկած Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը հունահռոմեական ոճի 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանն էր: «Արմենպրես»-ը հայտնում է, որ հայ ըմբիշը հաջող մրցելույթների հաշվին դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբի Դաթունաշվիլիին:
Չալյանը մրցաշարում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչ փուլից, որտեղ հաղթել է հույն Պետրոս Մանուիլիդիսին, ապա քառորդ եզրափակչում առավելության է հասել Բելառուսը ներկայացնող Վալերի Պալենսկիի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Չալյանի մրցակիցը կլինի Թուրքիայի ներկայացուցիչ Էմրա Սուլեյման Կուսը:
Սերբիայում ընթացող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում օլիմպիական ուղեգրեր նվաճում են միայն եզրափակչի մասնակիցները: Այսպիսով՝ անկախ 3-րդ տեղի համար մղվող մենամարտի արդյունքից օլիմպիական նոր ուղեգրի նվաճումը չստացվեց:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 85 կգ քաշային կարգում չնայած որակավորման փուլում Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը հաղթել էր իտալացի մրցակցին՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ, սակայն Մանուկյանի հաջորդ մրցակիցը՝ Բուլղարիայի ներկայացուցիչ Նիկոլայ Նիկոլաև Բայրյակովը, ավելի ուժեղ գտնվեց և հետագայում նաև օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր նվաճեց՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ: