Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
СПОРТՀայաստանի հավաքականի գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը հռչակվեց Եվրոպայի 2016թ. փոխչեմպիոն:
Նորվեգիայում ավարտված Եվրոպայի առաջնության վերջին մրցմանը գյումրեցի ծանրորդը երկամարտում գրանցեց 442 կգ (205+237): Պոկում վարժությունումՄինասյանը հաջող կատարեց 3 մոտեցումներն էլ եւ 205 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Գոռի գրանցած 237 կգ-ն չորրորդ արդյունքն էր, սակայն դա նրան չխանգարեց երկրորդ տեղը գրավել ընդհանուր հաշվարկում:
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց վրացի Լաշա Տալակաձեն, որը երկամարտում գրանցեց 463 կգ (212+251) եւ սահմանեց աշխարհամասի ռեկորդ:
Թիմային հաշվարկում ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն ռուսներին:
Հիշեցնենք, որ Նորվեգիայում Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էին Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ) ու գերծանր քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) դարձել էր փոխչեմպիոն, իսկ 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանն (105 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի: