Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից վերադարձան մարզական գերխնդիրը կատարած
СПОРТԹուրքիայում անցկացված Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի համար 4 օլիմպիական ուղեգիր նվաճած հայկական պատվիրակությունը մեծ ոգևորությամբ է վերադարձել հայրենիք:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ ապրիլի 18-ի ուշ գիշերային ժամին Թուրքիայից ժամանող հայ բռնցքամարտիկներին ոգևորությամբ ու ցնծությամբ դիմավորողների պակաս չի եղել:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներին դիմավորելու, առաջինն իսկ շնորհավորելու և նրանց հաղթական դափնիներ փոխանցելու համար «Զվարթնոց» էր ժամանել նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Սամսուն քաղաքում անցկացված մրցաշարին մասնակցող 10 բռնցքամարտիկներն էլ շնորհավորանքի ու շնորհակալության խոսքեր էին լսում ոչ միայն իրենց հարազատներից ու բարեկամներից: «Բրավո», «Կեցցեք», «Հայեր», «Հաղթանակ» վանկարկումների պակաս չկար. չէ՞ որ Թուրքիայում հաջողվել էր մարզական կարևոր խնդիր լուծել` նվաճել օլիմպիական խաղերի ուղեգրեր:
«Չէի ուզենա առանձնացնել բռնցքամարտիկներից ոչ մեկին: Ես գոհ եմ բոլորից: Նրանք արել են հենց այն, ինչին ունակ են, դեռ մի բան էլ ավելին է արվել: Մեր բռնցքամարտիկները հավատացին իրենց ուժերին և գերազանցեցին մեր սպասելիքները»,- Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքերը մեջբերում է «Արմենպրես»-ը` հավելելով, որ ըստ մարզչի` թե՛ 3-րդ տեղի համար պայքարում պարտված Հովհաննես Բաչկովը, թե՛ ադրբեջանցի բռնցքամարտիկի դեմ կիսաեզրափակիչում պարտված, բայց օլիմպիական ուղեգիր նվաճած Արամ Ավագյանը և թե՛ կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը հետագայում ցույց կտան իրենց ուժերը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից մարզիկների առջև դրված գերխնդիրը ոչ թե կատարվել է, այլ մի բան էլ ավելին է արվել. Սամսունում նվաճվել է 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Սամսունի վարկանշային մրցաշարում արծաթե մեդալների արժանացան 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 3-րդ տեղի համար պայքարում հաղթող դարձան և բրոնզե մեդալի արժանացան 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: