ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ
СПОРТՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ապրիլի 19-ին աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզում: Նախարար Գաբրիել Ղազարյանն այցելեց Սեւան քաղաքի թիվ 3 հիմնական եւ ավագ, Լճաշենի եւ Նորատուսի թիվ 1 միջնակարգ, Գավառի թիվ 4 հիմնական դպրոցներ եւ Գավառի պետական համալսարան: Նախարարը Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանի եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանի ուղեկցությամբ տեղերում ծանոթացավ մարզադահլիճների եւ շախմատի դասասենյակների պայմաններին ու հագեցվածությանը, ֆիզկուլտուրա եւ շախմատ առարկաների դասավանդման ընթացքին: Այցի ընթացքում կատարված ուսումնասիրությունները նախարար Գաբրիել Ղազարյանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ համատեղ քննարկեց Գեղարքունիքի մարզի բոլոր հանրակրթական դպրոցների տնօրենների եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ հրավիրված հանդիպմանը, որը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանում:
«Այս այցը նախատեսում է ի հայտ բերել այն խնդիրները, որոնք ուղղակիորեն առնչվում են ինչպես մարզադահլիճների ընդհանուր վիճակին, այնպես էլ՝ ֆիզկուլտուրա առարկայի դասավանդմանը եւ ծառացած են հանրակրթական դպրոցների առջեւ: Մի դեպքում ունենք նորոգված ու կահավորված մարզադահլիճ, որ չի ջեռուցվում, մի այլ դեպքում՝ ջեռուցվող մարզադահլիճ, որ մարզագույքի կամ նորոգման խնդիրներ ունի:ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը տեղերում համակարգում է բարձրացված հիմնահարցերը, որոնք առաջիկա 2-3 տարիների ընթացքում կգտնեն իրենց լուծումները»,-հավաստիացրեց նախարարը:
«Մարզի որոշ դպրոցներ ունեն մարզադահլիճային անբավարար պայմաններ, մարզագույքի ու նորոգման խնդիրներ, որոնց պետք է քայլ առ քայլ լուծում տանք: Ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման որակական կողմի ապահովման համար պետք է լինենք ավելի հետեւողական, կարողանանք քիչ միջոցներով ավելի կարեւոր խնդիրներ լուծել:Ֆիզկուլտուրա առարկայի ավարտական քննությանը հանրակրթական դպրոցներում կանցկացվի մարզպետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի մասնակցությամբ: Մենք պետք է ունենանք միանգամայն առողջ եւ ուժեղ սերունդ, ինչն անհնար է ի րագործել առանց ֆիզկուլտուրա առարկայի պատշաճ դասավանդման: Շատ կարեւոր է բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների ներգրավումը, որը պարտադիր պայման կլինի եկող տարվանից»,-հանդիպման մասնակիցներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Հանդիպման ավարտին նախարար Գաբրիել Ղազարյանը պատասխանեց ֆիզկուլտուրայի ուսուցիչների կողմից բարձրացված հարցերին:
Խոսրով Խլղաթյան