Ֆուտբոլային մարզիչները մեկնել են Ֆրանսիա սովորելու
СПОРТՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մարզչական «PRO» արտոնագրի դասընթացի մասնակից մարզիչներն ապրիլի 20-26-ը Ֆրանսիայում կզարգացնեն իրենց մարզչական հմտությունները:
«Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՖՖ պաշտոնական կայքը, հայտնում է, որ Հայաստանից Մոնպելյե են մեկնել ազգային հավաքականի և «Արարատ»-ի մարզիչ Վարուժան Սուքիասյանը, Մ21 տարեկանների հավաքականի մարզիչ Կարեն Բարսեղյանը, Մ19 տարեկանների հավաքականի մարզիչ Արամ Ոսկանյանը, Մ17 տարեկանների հավաքականի մարզիչ Արթուր Ոսկանյանը, Մ19 տարեկան աղջիկների հավաքականի մարզիչ Լիանա Հայրապետյանը, ինչպես նաև Արթուր Պետրոսյանը («Ցյուրիխ»), Վահե Յաղմուրյանը («Արարատ»), Սարգիս Հովսեփյանը («Փյունիկ»), Արտակ Օսեյանը («Փյունիկ»), Անդրանիկ Զանազանյանը («Բանանց»), Ֆելիքս Խոջոյանը («Շիրակ»), Տիգրան Եսայանը և Ժոլտ Հոռնյակը:
Մարզիչների հետ Ֆրանսիա են մեկնել նաև «PRO» արտոնագրի դասընթացի ղեկավար, ՀՖՖ տեխնիկական տնօրեն Մարկ Լելևրը և ՀՖՖ մարզչական կրթության համակարգող Ղազար Հակոբջանյանը: Հայաստանից մեկնած ֆուտբոլային մասնագետները ապրիլի 20-26-ը կծանոթանան ֆրանսիական «Մոնպելյե» ֆուտբոլային ակումբի ենթակառուցվածքներին, կհետևեն հիմնական թիմի մարզումներին, հանդիպումներ կունենան ակումբի տեխնիկական տնօրենի, գլխավոր մարզչի, ֆուտբոլի ակադեմիայի ղեկավարության հետ:
Նախատեսված է նաև, որ Հայաստանից մեկնած մասնագետները կծանոթանան «Մոնպելյե»-ի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերին, ինչպես նաև կդիտեն և կվերլուծեն Ֆրանսիայի առաջնության` «Մոնպելյեի» մասնակցությամբ հանդիպումներից մեկը: