Նալբանդյանն ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետնախարարին
ЭКОНОМИКАՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 20-ին ընդունեց Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետնախարար Կո Պո Կունին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ ամենատարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացումը՝ հույս հայտնելով, որ պետնախարարի այցելությունը նոր խթան կհաղորդի երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Կունը ներկայացրեց Երևան իր այցելության նպատակները և Հայաստանի հետ համագործակցության ծավալման հնարավոր ոլորտները։
Առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման տեսանկյունից զրուցակիցները կարևորեցին համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։
Էդվարդ Նալբանդյանն ու Կո Պո Կունը մտքեր փոխանակեցին Սինգապուրի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ։