Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վաշտի հերոսական մարտը

ОБЩЕСТВО

Hayzinvor.am-ը գրում է.

Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Հարություն Նալբանդյանը ներս է մտնում հոսպիտալի հիվանդասենյակ: Նրա աջ ձեռքին վիրակապ կա: Հագին զինվորական համազգեստ է, որ կարծես հուշում է` նա չի համակերպվում իր հոսպիտալացման հետ:  Նստում է պատուհանի մոտ: Պատասխանում է որպիսության մասին իմ հարցերին, իսկ խորքում իր մտքերի հետ է, իր տղաների ու իրենց կռվի, իր ապրած քառօրյա պատերազմի հետ:

 

-Մարտական հերթապահություն իրականացնող իմ վաշտը առաջինն է իր վրա վերցրել հակառակորդի գերազանցող ուժերի հարվածը,- նոթատետրի թերթի վրա գծագրելով հարավարեւելյան ուղղությամբ մարտական դիրքերը` ասում է հրամանատարը:

-Ինչպե՞ս կազմակերպեցիք վաշտի պաշտպանությունը,- հայացքս ուղղելով գծապատկերին` հարցնում եմ հրամանատարին:

-Ապրիլի 2-ի գիշերվա ժամը 01:00-ի սահմաններում հեռախոսագիր ստացանք, որ զգուշացնում էր  սպասվող հետախուզախափանարար ներթափանցման մասին: Նման հաղորդագրություններ ամեն օր էինք ստանում,- խզված ձայնով պատմում է ավագ լեյտենանտը:- Ականանետի նշանառուին  խնդիր առաջադրեցի` ջերմատեսիլ սարքով դիտարկել դիրքի մոտակա բարձունքի` Լյալյա-Իլյագիի մերձակայքը: Զինծառայողը, սակայն, դիտարկման արդյունքում շարժ չնկատեց: Մինչեւ գիշերվա ժամը 4-ը իրավիճակը հանգիստ էր: Դիրքի ավագը` Ադամ Սահակյանը, զեկուցեց, որ հերթափոխը կատարվել է: Ընդամենը հինգ րոպե էր անցել, մեկ էլ հակառակորդը գործի դրեց հրետանին` թիրախավորելով վաշտի հրամանատարական դիտակետից մինչեւ դիրքն ընկած հատվածը: Օդային կապով տղաներիս հրահանգավորեցի մտնել նախատեսված թաքստոց: Դիրքում հերթապահությունը շարունակում էին դիտորդները, որոնք էլ նկատեցին հարձակվող հակառակորդին: Դիրքի ավագը այդ մասին զեկուցեց ինձ, ես էլ՝ գումարտակի հրամանատարին: Բաց ճանապարհով անմիջապես որոշեցի հրամանատարական դիտակետից օգնության հասնել դիրքի իմ զինվորներին: Տեղ հասնելուն պես՝ դիտարկում կատարեցի: Հակառակորդն առաջացել էր միջդիրքային տարածքով, հասել Լյալյա-Իլյագի բարձունք եւ, զբաղեցնելով նպաստավոր դիրք, գնդացիրներից ու «Մուխա» տիպի նռնականետներից կրակ էր վարում խրամաբջիջների ուղղությամբ: Նրան աջակցում էր հրետանին: Անձնակազմն անցել էր շրջանաձեւ պաշտպանության: Ժամկետային զինծառայող Ադամ Սահակյանը ղեկավարում էր մարտը փորձառու զինվորականի համարձակությամբ ու վարպետությամբ: Անձնակազմը գործում էր ըստ մարտական հաշվարկի` առանց իրարանցման: Հիացած էի իմ զինվորներից յուրաքանչյուրով: Կրակում էին ու կրակում: Տղաներս ոգեւորված էին, նրանց աչքերը կայծեր էին արձակում: Հակառակորդի հարյուրից ավելի հատուկջոկատայիններն արդեն խոցված էին: Մարտը շարունակվում էր: Զինվորներից երեքին ուղարկեցի հրամանատարական դիտակետ` պահուստային զինամթերքը դիրք հասցնելու համար: Երկար մարտից հետո մարտապաշարը վերջանալու վրա էր:

Ինձ կապի միջոցով տեղեկացրին, որ դիրքի անձնակազմին օգնության է շտապում զորամասի հինգ սպաներից բաղկացած խումբը` փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը եւ ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը: Ոգեւորվեցինք: Սանհրահանգիչ, ժամկետային զինծառայող Սաշա Գալստյանին հրահանգավորեցի նպաստավոր դիրք զբաղեցնել գետնատնակի մոտակայքում եւ «Ուտյոս» տիպի գնդացրով կրակ վարել հակառակորդի ուղղությամբ: Նա գերազանց կատարեց իր խնդիրը եւ ճնշեց հակառակորդին, նրա դիպուկ կրակի շնորհիվ ապահովվեց օգնական ուժի անվնաս ժամանումը:  Տեղ հասնելուն պես խումբը միանգամից նետվեց մարտի: Սպաների ժամանումից կես ժամ էր անցել, երբ տեղեկացա, որ սանհրահանգիչը գլխից ծանր վիրավորվել է: Կապի միջոցով փորձեցի կազմակերպել նրա տարհանումը,  սակայն կրակն ուժգին էր: Բժիշկները չկարողացան մոտենալ:

Դիրքից  հրամանատարական դիտակետ տանող ճանապարհը կրակի տակ էր, ուստի որոշեցի ինքս գնալ զինամթերքի ետեւից: Տեղ չհասած՝  հանդիպեցի վիրավոր սանհրահանգչիս: Նրա կողքին էին երեք զինվորները, որ շարունակում էին մարտ վարել: Հանձնարարեցի վիրավոր Սաշային հասցնել մոտակա բլրի ետեւում սպասող մեքենային: Հույս ունեի, որ դեռ հնարավոր է փրկել զինվորիս կյանքը: Սակայն Սաշան չփրկվեց…

Հրամանատարը լռում է: Լռում է երկար: Եվ շարունակում է, երբ իմ հայացքը հանդիպում է նրա աչքերին:

-10-20 րոպե էր անցել: Պետք է վերադառնայի դիրք, սակայն ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը կապի միջոցով տեղեկացրեց, որ դիրքում բոլորը զոհվել են, որ հանկարծ այնտեղ չգնամ: Մաքսիմի հետ կապն ընդհատվեց: Չէի կարող համակերպվել մտքի հետ՝ տղաները չկան: Ընդամենը րոպեներ առաջ բոլորը ողջ եւ առողջ էին: Ինչ գնով էլ լիներ՝ պետք է բարձրանայի դիրք:  Հասա  գետնատնակ: Այդտեղ հանդիպեցի փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանին: Նա ասաց, որ հակառակորդը խրամատով իջնում է մեր ուղղությամբ: Դիրքավորվել եւ նորից մարտի բռնվել` սա մեր որոշումն էր: Սակայն Օնիկը  չհասցրեց, վիրավորվեց եւ գլորվեց ձորը: Թշնամին ինձ չէր նկատել, փորձում էր արագ լիցքավորել զենքը: Ընդամենը հինգ փամփուշտ ունեի: Մենահատ կրակոցով ոչնչացրի զինընկերոջս հրազենային վիրավորում հասցրած հատուկջոկատայինին: Այնուհետեւ խոցեցի չորս մետր հեռավորության վրա երեւացող հակառակորդի եւս երկու զինծառայողների: Զենքս այլեւս չկրակեց: Ուզում էի վերցնել Օնիկի` խրամատում մնացած ինքնաձիգը, սակայն հակառակորդն ինձ թիրախավորեց, ապա եւ կրակեց: Վիրավորվեցի: Գլորվեցի ձորը: Մտածեցին` զոհվել եմ, եւ չշարունակեցին հետապնդել: Օնիկն ինձնից 10  մետր հեռավորության վրա էր` ամբողջությամբ արյան մեջ: Հանեցի զրահաբաճկոնը: Վիրավոր ընկերոջս գրկած 30 մետր առաջ վազեցի, սակայն նա խնդրեց, որ  կանգ առնեմ: Ինձ հանձնարարեց. «Որդուս` Հովիկիս կփոխանցես, որ ընտանիքի եւ հայրենիքի համար այսուհետ ինքն է պատասխանատու»:

Հենց այդ պահին էլ հակառակորդը նկատեց ինձ եւ բարձունքից գնդացրով կրակ բացեց իմ ուղղությամբ: Վրիպեց: Առավոտյան 9:30-ին արդեն գումարտակի հրամանատարական կետում էի: Այստեղ մտածում էին, թե մյուս՝ բարձունքի թիկունքում գտնվող  դիրքի զինվորներս  զոհվել են: Բայց ես գիտեի, որ տղաներն այնտեղ են: Մարտի ժամանակ կապի միջոցով լսում էի, թե ինչպես է դիրքի ավագը` Գուրգեն Հովհաննիսյանը,  ղեկավարում անձնակազմը: Նրանք աջակցում էին հարևան դիրքում ամրացածներիս` մեկը մյուսի ետեւից շարքից հանելով ուսապարկերով բարձունք զենք տեղափոխող հակառակորդի զինծառայողներին:  Միայն այդ դիրքի մատույցներում ոչնչացվել է 50-ից ավելի թշնամի:  Ես գիտեի, որ հնարավոր չէ բարձունքի թիկունքում գտնվող դիրք զինամթերք հասցնել, քանի որ ճանապարհը կրակի տակ էր: «Նահանջե՛լ»,- հրամայեցի կապի միջոցով: Ի պատասխան, դիրքի ավագն ասաց. «Ես դիրքս չեմ թողնի»: Նորից գոռացի` «Նահանջե՛ք»,  իսկ Գուրգենը նորից հակաճառեց. «Պարո՛ն հրամանատար, մենք մեր դիրքը չենք տալու»: Նրանք նահանջեցին միայն վեց ժամ անց, երբ այլեւս անիմաստ էր այդտեղ մնալ: Այսօր նույն տղաները մարտական հերթապահություն են իրականացնում մեկ այլ կարեւոր կետում:

Ինչ վերաբերում է բարձունքի թիկունքում գտնվող N մարտական դիրքին,  ապա դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանը օդային կապով տեղեկացրեց, որ բոլորը զոհվել են, եւ  իրենք կռիվը շարունակում են երկուսով: Ցավոք, ժամեր անց զոհվեց նաեւ Աշոտը, իսկ նրա կողքին կռվող զինվորը վիրավոր հասավ գումարտակի հրամանատարական կետ:

Օրեր անց Հարություն Նալբանդյանին եւս մեկ փորձություն էր սպասում: Ապրիլի 11-ին նա պիտի հաղթահարեր իր զոհված ընկերների աճյունները ճանաչելու դժվարին գործը: Այդ մասին նա չի պատմում, այդ մասին նա հրաժարվում է խոսել:

-Տղաները իմ հիշողության մեջ կմնան այնպիսին, ինչպիսին մարտի ժամանակ էին` խրոխտ, համարձակ, աննկուն, զենքերը ձեռքներին: Նրանք փառահեղ էին կռվում: Նրանք հավատացած էին իրենց ուժին եւ չնահանջեցին: Մենք մարտի բռնվեցինք մի գումարտակի հետ, որի անձնակազմը գործում էր թմրադեղերի ազդեցության տակ, որի կազմում միայն փորձառու զինվորականներ էին: Չեմ կարող ասել, թե հակառակորդի մարտավարությունը սխալ էր:  Թշնամին միայն մեկ բան հաշվի չէր առել, որ տակավին պատանի մեր զինվորը այդպես կդիմադրի: Նրանք մտածում էին, որ կես ժամվա ընթացքում կգրավեն դիրքն ու կշարունակեն  առաջխաղացումը, բայց այդպես չեղավ: Իմ վաշտը հյուծեց նրանց գումարտակի ուժը, խափանեց առաջխաղացման նրանց ծրագիրը: Հակառակորդը ո՛չ հոգեբանորեն, ո՛չ ֆիզիկապես պատրաստ չէր չորս ժամ տեւողությամբ մարտի…

Ես հիմա միայն մի բան եմ ուզում, որ իմ վաշտի փրկված տղաներին խրախուսեն, հերոսացնեն: Նրանք իրենց ուժերից շատ ավելի մեծ գործ են կատարել, նրանք հերոսներ են:

Մենք դեռ երկար զրուցում ենք: Իսկ երբ ուզում եմ լուսանկարել ավագ լեյտենանտին, նա ոտքի է կանգնում. «Միայն ոչ հիվանդասենյակում, ես շարքում եմ, ես դեռ հաշիվներ ունեմ մաքրելու հակառակորդի հետ»:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию