Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 5.5 տոկոսով
ЭКОНОМИКАՀայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար-մարտին 5.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս տարվա մարտին փետրվարի համեմատ ցուցանիշն աճել է 13.8 տոկոսով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում են գրանցվել շինարարության, առևտրի շրջանառության, արտաքին առևտրաշրջանառության ոլորտներում: Սպառողական գների ինդեքսը նվազել է 1.4 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 3.9 տոկոսով:
Շինարարության ծավալը նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2.2 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում առկա է 5-տոկոսանոց աճ: 2015թ. հունվար-մարտի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 9.6 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 3.3 տոկոսով:
Առեւտրի շրջանառությունը 2016-ի հունվար-մարտին նվազել է 1.1 տոկոսով` 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել 434 միլիարդ 552.9 միլիոն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.9 տոկոսով` կազմելով 305 միլիարդ 307.9 միլիոն դրամ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.5 տոկոսով (181 հազար 667 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2015թ. հունվար-մարտի համեմատ նվազել են 3.8 տոկոսով (997.1 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումը կտրուկ ավելացել է 26.3 տոկոսով (375.9 մլն դոլար), իսկ ներմուծումը նվազել է 15.9 տոկոսով (621.2 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-մարտին եղել է 488.67:
Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: