Բարեգործական համերգով Գյումրիում հանդես եկավ ՌԴ ժողովրդական արտիստ Լևոն Օգանեզովը
МЕЖДУНАРОДНОЕԵրաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակում ապրիլի 20-ին բարեգործական համերգով Գյումրիում հանդես եկավ ՌԴ ժողովրդական արտիստ Լևոն Օգանեզովը:
Մոսկվայում ծնված, մեծացած ու այսօր էլ Մոսկվայում ապրող ու ստեղծագործող հայազգի հայտնի արվեստագետը Հայաստան գալու առիթը երբեք բաց չի թողնում. միայն «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում արդեն երրորդ անգամ է Գյումրիում: Հայտնի արվեստագետը «Արմենպրես»-ի հետ զրույցում անկեղծանում է. «Այստեղ ամեն ինչ այլ է: Մեզ մոտ հանդիսատեսը ծափահարում է միայն համերգի առաջին ու երկրորդ մասերի ավարտին, իսկ այստեղ այնքան անկեղծ են, ծափահարում ու ողջունում են երբ հավանում են, ամեն ինչ սրտից բխած է: Շատ հրաշալի երեխաներ էլ ունեք, իրոք օժտված սերունդ է»:
ՌԴ ժողովրդական արտիստը նախորդ մրցույթ-փառատոնների ժամանակ վարպետության դասերով ու համերգային ծրագրով հանդես է եկել, այս անգամ հանդես եկավ էստրադային ժանրում՝ ներկայացնելով 20-30 ականաների հայտնի երաժիշտ, երգահան, երգիչ Պյոտր Լեշչենկոյի «Սիրո գինի» համերգային ծրագիրը: Ի դեպ, այս ծրագիրը, ինչպես նշեց Լևոն Օգանեզովը, առաջին անգամ էր ներկայացվում: «Քաղաքային ռոմանսների ժանրը շատ տարածված էր, հիասքանչ երգեր են: Քառասնականներին չկար մի ընտանիք, որ չունենար Պյոտր Լեշչենկոյի սկավառակը: Ճիշտ է, հիմնականում Լեշչենկոն երգել է իր սեփական ռեստորանում ու ավելի քիչ համերգներով է հանդես եկել, բայց երգերը տարիներ անց էլ դեռ հաճելի են ականջի համար: Ես իմ փոքրիկ խմբով փորձում եմ վերականգնել այդ ամենը»-նշեց Լևոն Օգանեզովը:
Ինչպես միշտ՝ այս անգամ ևս Օգանեզովը հանդիսատեսին հիացրեց իր վիրտուոզ կատարամամբ, իսկ հանդիսատեսն էլ անմասն չմնաց՝ փորձելով դառնալ ծրագրի անմիջական մասնակիցը:
Փառատոնի կազմակերպիչների որոշմամբ, ինչպես այս, այնպես էլ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի մյուս բոլոր համերգների հասույթը կփոխանցվի Արցախ:
Արմենուհի Մխոյան



