Մխիթարյանի օգնությամբ «Բորուսիա»-ն դուրս եկավ գավաթային եզրափակիչ
СПОРТՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «Բորուսիա»-ն Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչում ուժերը չափեց Բեռլինի «Հերտա»-ի դեմ և կարողացավ մրցակցի հարկի տակ խոշոր` 3-0 հաշվով հաղթանակ տոնել` նվաճելով եզրափակիչում խաղալու իրավունքը:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ «Բորուսիա»-ի կազմում կրկին արդյունավետ խաղ է ցուցադրել թիմի «ճարտարապետ» Մխիթարյանը, ով խփել է հանդիպման վերջին` 3-րդ գոլը:
Թոմաս Տուխելի գլխավորությամբ «Բորուսիա»-ն արդեն առաջին խաղակեսում կարողացել է առաջ անցնել հաշվի մեջ. խաղի 20-րդ րոպեին աչքի է ընկել Գոնսալո Կաստրոն: Երկրորդ խաղակեսում էլ «Բորուսիա»-ի առավելությունը մեծացրել են Մարկո Ռոյսը և Հենրիխ Մխիթարյանը: Գերմանացին աչքի է ընկել հանդիպման 75-րդ րոպեին, իսկ 8 րոպե անց գոլային փոխանցում է կատարել հայազգի ֆուտբոլիստին, ով դրել է հանդիպման «վերջակետը»:
Մխիթարյանի խփած գոլը ֆուտբոլիստի 50-րդ հոբելյանական արդյունավետ գործողությունն է եղել ընթացիկ մրցաշրջանում: «Բորուսիա»-ի կազմում բոլոր մրցաշարերը միասին վերցրած անցկացրել է 48 հանդիպում, խփել 22 գոլ և կատարել 28 գոլային փոխանցում:
Եթե այդ ցուցանիշը բաժանենք ըստ մրացաշարերի, ապա Գերմանիայի «Բունդեսլիգա»-ի առաջնությունում Մխիթարյանը խփել է 10 գոլ, դարձել 16 գոլային փոխանցման հեղինակ, «Եվրալիգա»-ում 5 գնդակի և 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել մրցաշարի որակավորման, իսկ մրցաշարի հիմնական հատվածում դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Գերմանիայի գավաթի խաղարկությունում Մխիթարյանը դարձել է 5 գոլի (լավագույն արդյունքն այս պահին) և 2 գոլային փոխանցման հեղինակ: