Հայ ըմբիշն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Մոնղոլիայում
СПОРТՄոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում մեկնարկած Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը նվաճել է օլիմպիական խաղերի ուղեգիր:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ բացի Մանուկյանից ապրիլի 22-ին Ուլան Բատորում մրցագորգ են դուրս եկել հունահռոմեական ոճի մյուս հայ ըմբիշները ևս:
59 կգ քաշային Ռոման Ամոյանն իր մեկնարկային գոտեմարտում պարտվել է Իրանի ներկայացուցիչ Համիդ Սուրյանին և գրեթե չմեկնարկած արդեն լքել է պայքարը: 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը պարտվել է որակավորման փուլում: Հունգարացի Պետեր Բաչին ավելի ուժեղ է գտնվել հայ ըմբիշից:
Ու քանի որ հունգարացին հասել է եզրափակիչ, դա նաև հնարավորություն է տվել Ջուլֆալակյանին շարունակելու գոտեմարտը 3-րդ տեղի և օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Հայ ըմբիշը վստահ մի քանի հաղթանակներ է տոնել սփոփիչ գոտեմարտերում և այժմ պատրաստվում է 3-րդ տեղի` բրոնզե մեդալի համար պայքարել ռումինացի մրցակցի դեմ:
85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն ամենից հաջող է հանդես եկել: Նա մեկնարկային գոտեմարտում հաղթել է հույն ըմբիշին, այնուհետև առավելության է հասել չեխ Արթուր Օմարովի նկատմամբ: 1/4 եզրափակիչ փուլում հայ ըմբիշը հաղթանակ է տոնել նաև ավստրիացի մարզիկի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչի համար մենամարտում Մանուկյանի մրցակիցը Գերմանիան ներկայացնող Ռամսին Ազիզսին է եղել: Այս գոտեմարտում ևս հայ ըմբիշը հաղթանակ է տոնել և այժմ կպայքարի ոսկե մեդալի համար, իսկ օլիմպիական խաղերի ուղեգիրն արդեն նվաճված է:
130 կգ քաշային ըմբիշ Էդգար Խաչատրյանը չնայած մեկնարկային գոտեմարտում մեծ առավելությամբ հաղթել է հնդիկ մրցակցին, հաջորդ իսկ մրցամարտում պարտվել է բելառուս Յոսեբ Չուգոշվիլիին: Թե Խաչատրյանն արդյոք հնարավորություն կունենա՞ մասնակցելու սփոփիչ գոտեմարտերի, դեռ հայտնի չէ, քանի որ բելառուս ըմբիշը շարունակում է պայքարը մրցաշարում. նա կիսաեզրափակիչում մրցելու է Իրանի ներկայացուցչի հետ: