«Միկա»-ն ջախջախեց «Արարատ»-ին
СПОРТՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2015-2016 թթ. առաջնության վերջին շրջանի 23-րդ տուրում «Միկա»-ն մրցակցի հարկի տակ 4-0 հաշվով հաղթեց «Արարատ»-ին: «Արմենպրես»-ը հայտնում է, որ հանդիպման ամբողջ ընթացքում «Արարատ»-ին այդպես էլ չհաջողվեց ցույց տալ, թե ով է դաշտի տերը՝ թույլ տալով հյուրերին թելադրել խաղի ամբողջ ընթացքը:
«Միկա»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ էին դուրս եկել մարտական տրամադրությամբ և արդեն առաջին խաղակեսում Միխեիլ Գորելիշվիլիի՝ 17-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Առաջին խաղակեսում այլ գոլեր չգրանցվեցին:
Երկրորդ խաղակեսի մեկնարկին Սերգեյ Շումիլինը կարողացավ մեծացնել «Միկա»-ի ունեցած առավելությունը՝ հանդիպման հաշվի դարձնելով 0-2 հօգուտ հյուրերի: Հանդիպման 55-րդ րոպեին Ալեքսեյ Կիսելևովին հաջողվեց «Միկա»-ի 3-րդ գնդակը խփել՝ հանդիպման հաշվի դարձնելով խոշոր: Սակայն սա դեռ վերջը չէր:
Հանդիպման ավարտին մոտ Հայկ Ոսկանյանին հաջողվեց նաև 4-րդ գնդակն ուղարկել «Արարատ»-ի դարպասը: Դաշտի տերերը ստիպված էին խաղադաշտից հեռանալ գլխիկոր ու ամոթով լցված:
Շնորհիվ այս հաղթանակի «Միկա»-ն մոտեցավ 5-րդ հորիզոնականում հանգրվանած «Արարատ»-ին: Այժմ «Միկա»-ի հաշվին կա 26 միավոր: «Արարատ»-ն այժմ «Միկա»-ից առաջ է ընդամենը 4 միավորով: