Յուրա Մովսիսյանի համար հատուկ նշանակություն է ունեցել իր թիմի հերթական խաղը
СПОРТԱմերիկյան «MLS» լիգայի Արևմտյան կոնֆերենցիայի հերթական տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար հարձավող Յուրա Մովսիսյանի թիմը՝ «Ռեալ Սոլթ Լեյք»-ը հյուրընկալվել էր «Լոս Անջելես Գելեքսի»-ին:
Հայոց ցեղասպանության հիշատակման օրվա նախօրեին Մովսիսյանն ամբողջական խաղ է անցկացրել իր թիմի կազմում:
Վերջին 7 տարում առաջին անգամ Հարավային Կալիֆոռնիայում խաղադաշտ դուրս եկած Մովսիսյանը դեռ օրեր առաջ էր հայտարարել, որ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը խաղադաշտ դուրս գալն իր համար հատուկ իրադարձություն կլինի:
«Շատ մարդիկ գուցե չգիտեն, թե դա ինչ օր է, բայց ապրիլի 24-ը հատուկ օր է ողջ աշխարհի հայերի համար: Դա շատ ծանր օր է: Ոչ մի հայ չի կարող մոռանալ այդ օրվա մասին: Մենք ծանր տառապանքի միջով ենք անցել, ահա թե ինչու է օրն իսկապես հատուկ»,- ասել էր ֆուտբոլիստը, ում հաջողվել է բավականին օգտավետ խաղ ցուցադրել «Լոս Անջելես Գելեքսի»-ի դեմ:
Չնայած «Ռեալ Սոլթ Լեյք»-ը 2-5 հաշվով պարտվել է, այնուամենայնիվ Մովսիսյանի օգտակար գործողություններից մեկը եղել է հանդիպման 70-րդ րոպեին իր թիմի համար 11-մետրանոց հարված վաստակելը, որ դիպուկ է իրացրել Խավի Մորալեսը:
Մովսիսյանի համար հատուկ նշանակության խաղին անդրադարձել է նաև «The Salt Lake Tribune» պարբերականը՝ ևս մեկ անգամ անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային:
«Կալիֆոռնիայում մեծաթիվ հայեր են ապրում, այնպես որ օրը յուրահատուկ է ոչ միայն խաղադաշտում հայտնված Մովսիսյանի համար: Այսօր համայն աշխարհի հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը»,- գրել է պարբերականն իր անդրադարձում:
Կալիֆոռնիայում պարտվելուց հետո «Ռեալ Սոլթ Լեյք»-ը վաստակած 14 միավորով 3-4-րդ տեղերն է կիսում հենց «Լոս Անջելես Գելեքսի»-ի հետ: