Արգենտինայում Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել
МЕЖДУНАРОДНОЕԱրգենտինայում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն է անցկացվել ապրիլի 23-ին, որին մասնակցել են Սենատի նախագահ Ֆեդերիկո Փինեդոն և Վիսենտե Լոպեսի քաղաքապետ Խորխե Մաքրին:
Ինչպես տեղեկացրեցին Prensa Armenia-ից, հիշատակի միջոցառման ժամանակ կարդացվել է Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի նամակը, որում նա իր ափսոսանքն է հայտնել, որ չի կարող ներկա գտնվել արարողությանը:
Նամակում Արգենտինայի նախագահը նշել է, որ «միայն հարգանքը բարձրագույն արժեքների ու սկզբունքների նկատմամբ կհանգեցնի խաղաղության և հաշտեցման»:
Արգենտինայի Սենատի նախագահը ելույթում նշել է, որ կարևոր է հիշել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել այլ էթնիկ խմբի պատկանելության պատճառով հետապնդումները: «Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստի նախերգանքն էր, և երկար ժամանակ փորձ է արվել թաքցնել այն: Արգենտինայում տարիներ առաջ մենք կարևոր քայլ կատարեցինք` ապրիլի 24-ը ճանաչելով որպես ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր»,- նշել է Ֆեդերիկո Փինեդոն: Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած բռնություններին` նշելով, որ իրենք դեմ են ցանկացած տեսակի ուժի գործադրմանը:
Միջոցառմանը մասնակցող ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանը Բուենոս Այրեսին կնվիրի Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը, որը կտեղադրվի Պալերմոյի Հայաստանի հրապարակում` ի նշան բարեկամության և երախտագիտության Հռոմի Ֆրանցիսկոս պապի, ով 2015 թվականի ապրիլի 12-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
«Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ճանաչի Օսմանյան կայսրության պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության ծրագրավորման և իրականացման հարցում»,- նշել է ՀՀ դեսպանը:



