ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը սպառնացող թուրքական ապրանքների մասով ուսումնասիրություններ է կատարում
ЭКОНОМИКАՀայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրություններ է կատարում թուրքական այն ապրանքների մասով, որոնք սպառնում են Հայաստանի ազգային տնտեսությանը թե որակի, թե տնտեսության զարգացման առումով: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգ ամավոր Լևոն Դոխոլյանի հարցին: «Հասկանալի է, որ հայ-թուրքական տնտեսական հարաբերություններն ուղղակիորեն ածանցվում են քաղաքական հարաբերություններին, ուստի այդ շրջանակներում մենք պետք է ներկայացնենք միասնական փաթեթ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:
Նախարարը հավելեց, որ Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, որի անդամ է նաև Թուրքիան: «Սակայն Թուրքիան կատարել է վերապահում, որով չի ճանաչում և չի հարաբերվելու Հայաստանի հետ՝ իբրև Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ: Դա նշանակում է, որ մենք իրավունք ունենք այս ուղղությամբ կիրառելու այն գործիքները, որոնք կպաշտպանեն մեր տնտեսական կարգը»,- ասաց Մինասյանը:
Նա հավելեց, որ Հայաստանն ունի գործիքակազմ ԵԱՏՄ շրջանակներում, որոնք թույլ են տալիս առանձին ապրանքատեսակների մասով իրականացնել առանձին գործողություններ, որոնք անհրաժեշտ են շուկայի պաշտպանության տեսանկյունից: «Սակայն այդ քայլերը պետք է ճիշտ հաշվարկվեն, որպեսզի պայթյունավտանգ իրավիճակ չստեղծվի: Այսինքն, մեր տնտեսական անվտանգությունը, տնտեսական զարգացումը և սոցիալական բաղադրիչը մենք պետք է համատեղենք, որպեսզի ունենանք արդյունավետ մեխանիզմ»,- եզրափակեց նախարարը՝ հավելելով, որ վարչապետի հանձնարարականով նախարարությունն առաջիկայում կներկայացնի նշված խնդիրները կարգավորող մեկ միասնական փաթեթ: