«Բավարիա»-ն պարտվել է գազազած «ատլետիներին»
СПОРТՉեմպիոնների լիգաի կիսաեզրափակչի շրջանակներում Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում հյուրընկալված գերմանական «Բավարիա»-ն չի կարողացել դիմակայել «Ատլետիկո»-ին:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ մադրիդյան թիմը հենց խաղի սկզբից մեծ ուժերով հարձակվել է՝ մրցակցին թույլ չտալով մեկ րոպե անգամ կորցնել զգոնությունը:
Հանդիպման միակ գոլը խփվել է առաջին խաղակեսի սկզբում. անհատական հիանալի անցումից, մրցակցի 3-4 խաղացողների շրջանցելուց հետո «Բավարիա»-ի դարպասին կատարված գեղեցիկ հարվածով գնդակ է հեղինակել Սաուլը: Հետագայում միմյանց դարպասը գրավելու հրաշալի ու վտանգավոր պահեր են ունեցել Անտուան Գրիզմանն ու Ֆերնանդո Տորեսը՝ «Ատլետիկո»-ից և Դավիթ Ալաբան, Խավի Մարտինեսն ու Արթուրո Վիդալը «Բավարիա»-ից, սակայն այդպես էլ այս խաղում չի խփվել երկրորդ գնդակը:
Մինչև Մյունխենում կայանալիք պատասխան հանդիպումը սեփական հարկի տակ՝ «Վիսենտե Կալդերոն»-ում տոնած 1-0 նվազագույն հաշվով հաղթանակը «ատլետիներին» հնարավորություն է տալիս եզրափակիչ դուրս գալ անգամ ոչ-ոքի արդյունքի դեպքում, մինչդեռ Խոսեպ Գվարդիոլան ստիպված կլինի իր թիմին միմիայն հաղթանակի տրամադրել: Այնպես որ ընդամենը մեկ շաբաթ անց կրկին բավականին հետաքրքիր պայքար է սպասվում, որն այս անգամ տեղի կունենա Գերմանիայի «Ալյանց Արենա» մարզադաշտում: