Համաշխարհային բանկը պահպանում է Հայաստանի տնտեսական աճի 2 տոկոսի կանխատեսումը
ЭКОНОМИКАՀամաշխարհային բանկն այս պահին չի փոփոխել Հայաստանում տնտեսական աճի 1.9-2 տոկոսի կանխատեսումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին: «Եթե դիտարկում ենք 2016-ի առաջին երեք ամիսների ցուցանիշները, տեսնում ենք, որ տնտեսությու նը դինամիկա է դրսևորել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ առաջին եռամսյակը, սովորաբար, բավականին լուրջ սեզոնայնության գործոնների ազդեցությունն է կրում` չենք կարող կանխատեսում անել ու ասել, որ տարվա մյուս հատվածներում ևս տնտեսական ակտիվություն կարձանագրվի: Այս պահին որևէ փոփոխության չենք ենթարկել տնտեսական աճի 1.9-2-ի շուրջ մեր կանխատեսումը և ուշի ուշով հետևում ենք տարբեր զարգացումների»,-նշեց Լորա Բեյլին:
Անդրադառնալով գազի ներկրման գնի նվազեցմանը` ՀԲ պաշտոնյան նկատեց, որ այն, իհարկե, իր դրական ազդեցությունը կունենա սպառողների ու ընկերությունների կողմից կատարվող ծախսերի վրա, բայց ընդհանուր տնտեսական գործունեության մեջ դա մեծ ծավալ չի կազմի: «Օրինակ՝ էլեկտրաէներգիայի գինը շատ փոքր մասն է այն ծախսերի, որոնք կատարում են ընկերությունները: Մենք ավելի մեծ ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին այն շուկաներում, որոնք կարևոր են Հայաստանի արտահանման տեսանկյունից: Օրինակ, շատ հնարավոր է, որ առաջիկա 3-6 ամիսների ընթացքում որոշակի փոփոխություններ կատարվեն Եվրամիության և Ռուսաստանի հարաբերություններում, վերացվեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, ինչը կբարելավի ռուսական տնտեսության վիճակը, որն էլ իր դրական արդյունքը կունենա Հայաստանի տնտեսության վրա»,-հույս հայտնեց Լորա Բեյլին:
Նա նաև անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտին` նշելով, որ, եթե անցյալ տարին հրաշալի էր տնտեսության այդ ճյուղի համար, ինչը իր դրական հետքը թողեց, ապա այս տարվա մարտին արձանագրված վատ եղանակային պայմանները, հնարավոր է, բացասական անդրադառնան ընդհանուր բերքատվության ու մրգի արտադրության վրա: «Սակայն այդ հետևանքներն ավելի ուշ հայտնի կդառնան: Սրանք այն բոլոր ուղղություններն են, որոնց մենք շարունակելու ենք հետամուտ լինել ու պարզել` ինչպիսի ազդեցություն են ունենալու տնտեսության վրա»,-հավելեց պաշտոնյան: