Մենք օլիմպիական Բրազիլիա ենք մեկնելու հաղթելու համար. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
СПОРТ«Օլիմպավանում» կայացավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստը, որին ներկա էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱՕԿ պատվավոր նախագահ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, ՀԱՕԿ փոխնախագահները և մինչ այս Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հայ մարզիկները:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ով ողջունելով ներկաներին, խոսքը փոխանցեց ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին: Վերջինս ներկայացրեց Ռիո-2016-ի համար կատարված և կատարվելիք աշխատանքները: Ներկաներին ողջունեց նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը.
«Անհրաժեշտ է կազմակերպված, հետևողականորեն գործել, քանի որ մեծ ակնկալիքներ ունենք Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերից։ Պետք է Ռիոյում մեր մարզիկները պատվով ներկայացնեն մեր պետությունը: Մինչ այսօր արվածը մեզ հանգիստ նստելու և սպասելու իրավունք չի տալիս։ Ես շատ լավ գիտեմ մեր յուրաքանչյուր օլիմպիականի հնարավորությունների սահմանը: Անկասկած, ամեն ինչ անելու ենք ոսկե մեդալներ նվաճելու համար»,- շեշտեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ամփոփ զեկույցներով հանդես եկան նաև մինչև օրս օլիմպիական ուղեգրեր նվաճած հավաքականների մարզիչները:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լսեց բոլոր մարզիչներին և վստահեցրեց, որ Ռիո-2016-ին նախապատրաստվելու ընթացքում ոչ մի հավաքական և մարզիկ որևէ խնդիր չի ունենա:
ՀԱՕԿ նախագահը ողջունեց և քաջալերեց մարզիկներին՝ նրանցից ակնկալելով ամենաբարձր արդյունքները:
Հանդիպման վերջում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լուսանկարվեց ուղեգիր նվաճած հայ մարզիկների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում