Գարի Կասպարովը գրավեց ընդամենը 3-րդ տեղը
СПОРТԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկած կայծակնային շախմատի կարճ մրցաշարում, որին մասնակցում էին ամերիկացի ուժեղագույն շախմատիստները, 3-րդ լավագույն արդյունքը ցույց է տվել շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Կասպարովի մրցակիցների թվում էին ԱՄՆ-ի՝ կայծակնային շախմատի առաջնության ուժեղագույն շախմատիստները` Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան և Վեսլի Սոն:
Մրցաշարը, որ բաղկացած էր 18 տուրից, բավականին հետաքրքիր արդյունք ունեցավ: ԱՄՆ-ի կայծակնային շախմատի առաջնության նորընծա հաղթող Կարուանան այդպես էլ ուշքի չեկավ երկօրյա մրցումներում` գրավելով վերջին տեղը և ցուցաբելերով 5.5 միավոր արդյունք:
18 տուրերում ունեցած արդյունքների շնորհիվ Նակամուրան գրավեց 1-ին տեղը` վաստակելով 11 միավոր: Սոն 2-րդն էր` ունենալով 10 միավոր: 3-րդ տեղը զբաղեցրած շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոնը վաստակեց 9.5 միավոր:
Համաձայն մրցաշարի կանոնակարգի` հաղթողն ստացավ 20,000 ԱՄՆ դոլար պարգևավճար: 2-րդ տեղում հանգրվանած Սոն վաստակեց 15,000 ԱՄՆ դոլար: Աշխարհի 13-րդ չեմպիոնին բաժին ընկավ 10,000 ԱՄՆ դոլար պարգևավճար: Վերջին տեղը գրաված ԱՄՆ-ի կայծակնային շախմատի առաջնության նորընծա հաղթողը ստացավ 5,000 ԱՄՆ դոլար: