«Karabakh is Armenia». «Շիրակ»-«Միկա» գոլառատ խաղն աչքի ընկավ նաև ֆուտբոլիստի ակցիայով
СПОРТՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի շրջանակում «Միկա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր Գյումրու «Շիրակ»-ին: «Արմենպրես»-ը հայտնում է, որ «Շիրակ»-ը հանդիպման ընթացքում լիովին տնօրինել է խաղային ու տարածքային առավելությանը՝ ջախջախիչ՝ 4-1 հաշվով հաղթելով «Միկա»-ին:
Հանդիպումը նոր-նոր մեկնարկած՝ 1-ին րոպեին, «Շիրակ»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Օդիլոն Կուակուն: Հաշված րոպեներ անց «Շիրակ»-ի առավելությունը մեծացրեց Նեմանյա Ստոսկովիչը, ով գոլ հեղինակելուց հետո հանեց մարզաշապիկը՝ հանդիսատեսին ցուցադրելով «Karabakh is Armenia» գրությունը: Ինչպես և օրեր առաջ, այս անգամ էլ հանդիպումը սպասարկող մրցավարը դեղին քարտ ցույց տվեց ֆուտբոլիստին այդօրինակ ոչ ֆուտբոլային պահվածքի համար:
Մինչև առաջին խաղակեսի ավարտը ևս երկու գոլեր խփվեցին: «Շիրակ»-ի կազմում աչքի ընկավ Կարեն Ալեքսանյանը՝ արագ կողմնորոշվելով մրցակցի ֆուտբոլիստներից: «Միկա»-ն կարողացավ պատասխանել Տարիկ Չմայչանինի՝ տուգանային հարվածից խփված գոլով: Հարկ է նշել, սակայն, որ տուգանային հարվածն իրացնելուց հետո գնդակը դիպավ Դրիսա Դիարասուբայի՝ «Շիրակ»-ի խաղացողի գլխին:
Երկրորդ խաղակեսում գոլային հրավառություն չեղավ, չնայած հանդիպման ավարտից 6-7 րոպե առաջ Ռումյան Հովսեփյանը «Շիրակ»-ի առավելությունը մեծացրեց՝ վերջնական 4-1 հաշվով մրցակցի հարկի տակ հաղթանակ պարգևելով իր թիմին:
«Շիրակ»-ի հաղթանակը թույլ տվեց Գյումրու թիմին մրցաշարային աղյուսակում շրջանցել ավելի ուշ հանդիպում անցկացնող «Փյունիկ»-ին և 42 միավորով դուրս գալ մաքուր 2-րդ տեղ: «Շիրակ»-ն այժմ առաջատար «Ալաշկերտ»-ին զիջում է 7 միավորով: