Գերմանացի պատգամավորը Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման ակնկալիք ունի
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի դաշնային խորհրդարանի (Բունդեսթագ) Սոցիալ դեմոկրատական (SPD) խմբակցության նախագահ Թոմաս Օփերմանը հայտարարել է, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները եւ հայրենիքից տեղահանությունը Բունդեսթագը կճանաչի որպես ցեղասպանություն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին SPD-ի նախագահը հայտնել է գերմանական Der Tagesspiegel թերթին տված հարցազրույցում` նշելով, որ Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը կքննարկի հունիսի 2-ի նիստում:
Գերմանիայի «կանաչների» եւ Ձախերի կուսակցությունները եւս 1915 թվականի իրադարձությունները գնահատել են որպես ցեղասպանություն:
Հայոց ցեղասպանության ճանաչումը նախատեսող բանաձեւը Բունդեսթագի օրակարգ էր բերվել անցյալ տարի եւս, որի ընդունմանը խոչընդոտել էր Թուրքիան շարունակական ժանտաժի ենթարկելով գերմանական կառավարությանը:
Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը եւ խորհրդարանի նախագահ Նորբերտ Լամերտը 2015թ. Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իրենց ելույթներում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:



