Երկրում տարեսկզբին պարենային ապրանքների եւ հանրային ծառայությունների գների անկում է արձանագրվել
ЭКОНОМИКА2016թ. մարտին, փետրվարի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.3 տոկոս գնանկում: Պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են կես տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2 տոկոսով, ծառայություն- ների սակագները՝ 0.3 տոկոսով:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2016թ. հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1 տոկոս, ինչը 0.7 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2016թ. մարտին, փետրվարի համեմատ, սպառողական գները նվազել են 1.1-0.1 տոկոսով, իսկ գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արտաշատում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.1 տոկոսով:
Ըստ վիճակագրության՝ հանրապետությունում 2016թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է պարենային ապրանքների 0.5 տոկոս գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի, ձվի, ձկնամթերքի, մրգի 1.7-0.5 տոկոսանոց գնանկումը: Հանրապետությում 2016թ. մարտին, փետրվարի համեմատ, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 14.1-0.9 տոկոսով:
2016թ. մարտին, փետրվարի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.2 տոկոս գնանկում, ինչը հիմնականում կենցաղային էլեկտրաապրանքների, վառելիքի, կահույքի, լվացող միջոցների, կոշկեղենի գնանկման արդյունքն է: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է տեքստիլեղենի, անձնապիտո ապրանքների, գրենական պիտույքների, գորգեղենի, խոհանոցային սպասքի, ոսկերչական ապրանքների, գեղահարդարման ապրանքների, հագուստի եւ գործվածքի գնաճ: 2016թ. մարտին, անցած ամսվա համեմատ, հանրապետությունում բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 2.7 եւ 4.4 տոկոսով:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2016թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.3 տոկոս նվազում, ինչը մեծապես պայմանավորվել է հանգստի կազմակերպման եւ բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 1.6 և 0.7 տոկոսի նվազումով:
Կրթության համակարգի եւ հանրային սննդի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են 0.1 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է կենցաղային բնույթի՝ 0.2 տոկոս, մշակույթի ոլորտի՝ 1.1, տրանսպորտի՝ 1.4 տոկոս ծառայությունների սակագների հավելաճ, իսկ բուժսպասարկման, կապի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան