Արտաշատցի ըմբիշները Վրաստանից վերադարձան վեց մեդալով
СПОРТՎրաստանի Ամբլոաուրի քաղաքում մայիսի 6-8-ն անցկացված ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան միջազգային մրցաշարում արտաշատցի ըմբիշները նվաճել են վեց մեդալ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիականհերթափոխի մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանն ասաց, որ բարձր արդյունքներ ցուցաբերեցին եւ ոսկե մեդալներ նվաճեցին 29 կգ քաշային Սարգիս Բեգոյանը եւ 42 կգ քաշային Շմավոն Թեւանյանը: Արծաթե մեդալներ են նվաճել 42 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը եւ 46 կգ քաշային Գենիկ Ասատրյանը: Բրոնզե մեդալների արժանացան 38 կգ քաշայիններ Արմեն Գարամովը եւ Հայկ Թովմասյանը:
Սիմոնյանը նշեց, թե մարզադպրոցի ուժեղագույն մարզիկները, որոնք լավագույն տեղեր կնվաճեին, չկարողացան մեկնել մրցաշարին ֆինանսական պատճառներով: «Իսկ ովքեր էլ մեկնեցին, ցուցաբերեցին լավագույն արդյունք` իրենց պատրաստվածության մակարդակով: Նման մրցաշարից վեց մեդալով եւ մրցանակային տեղեր նվաճած վերադառնալ, որտեղ նրանց հետ գոտեմարտում էին ըմբշամարտի հայրենիք համարվող Օսեթիայի, Ինգուշեթիայի ըմբիշները, մեծ արդյունք է»,-նկատեց մարզադպրոցի տնօրենը:
Ըմբիշներին մարզում են Ռաֆիկ Գոլեցյանը եւ Վարդան Գյուրջյանը:
Մրցաշարին մասնակցում էին Վրաստանից, Ինգուշեթիայից, Օսեթիայից եւ այլ տեղերից ժամանած շուրջ 400 ըմբիշներ: Առաջնությանն Արտաշատի մարզադպրոցը ներկայացրել էր 15 մարզիկ:
Լիլիթ Մաճկալյան