Ադրբեջանում պղծել են Հեյդար Ալիեւի արձանը` «Շնորհավորում ենք ստրուկների տոնի առթիվ» գրությամբ
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում առաջին անգամ պղծել են Բաքվում կենտրոնական բանկի դիմացի այգում Հեյդար Ալիեւի արձանը, մայիսի 10-ին նրա ծննդյան օրը շնորհավորելով «Շնորհավորում ենք ստրուկների օրվա առթիվ» ադրբեջաներեն գրությամբ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը:
2004 թվականից սկսած` կրտսեր Ալիեւի նախաձեռնությամբ ամեն մայիսի 10-ին Ադրբեջանում տոնում են «համազգային առաջնորդ» Ալիեւ ավագի ծննդյան օրը, որը հայտարարվել է Ծաղկի տոն:
Meydan TV-ն հայտնում է, որ անհայտ անձինք ադրբեջաներեն «Շնորհավորում ենք ծաղկի տոնի առթիվ» գրության մեջ փոխելով ընդամենը երկու տառ, նրան տվել են «Շնորհավորում ենք ստրուկների օրվա առթիվ» իմաստ:
Կայքը հայտնում է, որ 15 տարի անընդմեջ Ադրբեջանը տարեկան մոտ 60-70 մլն դոլար էր ծախսում «համազգային առաջնորդ» եւ «ազգի փրկիչ» Հեյդար Ալիեւի ծննդյան օրվա առթիվ քաղաքների, հատկապես Բաքվի հրապարակներն ու այգիները արտասահմանից բերված ծաղիկներով զարդարելու վրա, եւ այդ «ժանտախտի ժամանակ խրախճանքը» միանշանակ չէր ընդունվում աղքատության եւ սովի մեջ գտնվող ադրբեջանական հասարակությունում:
Տոնն ավանդաբար սկսվում է Հեյդար Ալիեւի անունը կրող այգի Ալիեւների ընտանիքի այցելությամբ, որից հետո միայն այն այցելում են արտասահմանցի հյուրերը եւ քաղաքացիները, գրում է կայքը եւ տարակուսանք հայտնում, թե հայտնի չէ, ինչու են նման գրություն թողած անհայտ անձինք ընտրել հենց այդ այգում գտնվող Հեյդար Ալիեւի արձանը, երբ Բաքվի գրեթե բոլոր տեսարժան վայրերն անվանված են նրա անունով:
«Իլհամ Ալիեւը դաժան ավտորիտար առաջնորդ է, հայտնի` ընտրությունների իր կեղծումներով, քաղաքացիական ազատությունների ճնշումներով, լրագրողների, ընդդիմադիրների քաղաքացիական ակտիվիստների հետապնդումներով, երկրում ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության գործնականում ճնշմամբ, ով ակտիվորեն պրոպագանդում է իր հոր անձի պաշտամունքը:
Ադրբեջանի բոլոր շրջաններում Հեյդար Ալիեւի անվան այգիներ են գցվել, որոնցում տեղադրված են նրա արձանները, բացվել են Հեյդար Ալիեւի թանգարաններ, դպրոցական դասագրքերում բաժիններ կան Հեյդար Ալիեւի «մեծ ժառանգության» մասին, ով փրկել է երկիրը: Յուրաքանչյուր չինովնիկ, այդ թվում` Իլհամ Ալիեւը որեւէ շրջան այցելելիս, անպայման այցելում են նրա հուշարձանին, հրապարակային ելույթներում անպայման ցիտում նախկին նախագահին, գովում նրան եւ նրա որդուն` Իլհամին եւ այլ շողոքորթություններ արտահայտում ու ստորանում:
Իր հոր պատվին Իլհամ Ալիեւի հորինած տոնը հանդիսանում է Հեյդար Ալիեւի անձի պաշտամունքի ստեղծման եւ ամրապնդման միջոցառումների համալիրի մասը, եւ հենց այդ պատճառով այն առաջացնում է այլախոհների բացասական արձագանքը:
Տոնից երեք օր հետո քաղաքացիներին թույլատրվում է վերցնել օգտագործված ծաղիկները, սկսվում է հրմշտոց, հանուն մնացորդների հասարակ ժողովրդի տուրուդմփոց, ինչը սրտաճմլիկ տեսարան է ներկայացնում: Հենց այդ տուրուդմփոցի պատճառով Ծաղկի տոնը սկսել են անվանել «Ստրուկների տոն», -ընգծում է կայքը, եւ զարմանք հայտնում. «Նախկինում նման գրության ի հայտ գալը արձանի վրա անհնար էր պատկերացնել: Միթե՞ ադրբեջանական հասարակության մեջ սկսել է ինչ- որ բան փոխվել»:



