Հայկ Ղուկասյան. «Ադրբեջանցին կուտը կերավ ու «չորս ոտքով» ընկավ մեր թակարդը»
СПОРТAravot.am-ը գրում է.
Ալբերտ Ղազարյանի մարզիչ, Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը Մոսկվայից վերադառնալով՝ «Զվարթնոց» օդանավակայանում ԶԼՄ-ներին ասաց. «Սա սպորտ է եւ չէր բացառվում, որ նաեւ պարտվեինք: Բայց ես ներքուստ վստահ էի, որ հաղթանակը մերն է լինելու: Ալբերտին մարտից առաջ հրահանգել էի՝ մրցակցի որեւէ տեղը չկոտրել եւ մեթոդաբար ծեծել: Ալբերտը կարող էր այդքան արագ չխեղդել, մարտը երկարաձգել: Սակայն մեզ հաղթանակ էր պետք ու Ալբերտը նրան շարքից դուրս բերեց վայրկյանների ընթացքում»:
Aravot.am-ի հարցին, թե առաջին իսկ վայրկյանին Ալբերտն, այնուամենայնիվ, հարված ստացավ ու հայտնվեց ռինգի հատակին, Հայկ Ղուկասյանը պատասխանեց. «Մենք մարտավարության տարբեր որոգայթներ էինք մշակել: Ու մրցակիցը, ինչպես ասում են՝ կուտը կերավ: Մուրթազովը բարձրահասակ էր ու երկար ձեռք ու ոտք ուներ: Գիտեինք, որ նա դա համարելու է առավելություն: Իսկ Ալբերտն իրեն գերազանց է զգում հատակին, պառկած իրավիճակներում: Հարվածը, որ ասում էք, դիպուկ էր, բայց ոչ այնքան ուժեղ: Ալբերտը դա օգտագործեց ադրբեջանցուն «հատակ հրավիրելով»: Նա էլ ամբողջ մարմնով նետվեց դեպի մեր պատրաստած թակարդը: Մնացածն արդեն տեխնիկայի ու վարպետության գործ էր, որը տեւեց վայրկյաններ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ