Երեւանում մեկնարկել է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասնակցությամբ ֆուտբոլի մրցաշար
СПОРТԵրեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի հետ համատեղ նախաձեռնել է ֆուտբոլի մրցաշար`առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ութ թիմերի շուրջ հարյուր երեխաների մասնակցությամբ: Մրցաշարին մասնակից թիմերը Երեւանի հատուկ դպրոցների, գիշերօթիկ, խնամքի եւ պաշտպանության համար երկու հաստատության, Տավուշի մարզի «Սոս» մանկական գյուղի եւ հանրապետական համար մեկ կրթահամալիրի սաներն են:
Կրթօջախները գործում են Երեւանի քաղաքապետարանի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ԿԳ նախարարության ենթակայությամբ: «Առանց սահմանափակումների` անսահման սիրով» խորագրով ֆուտբոլի մրցաշարի հիմնական նպատակն է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների շրջանում առողջ ապրելակերպի խթանումն ու նրանց հասարակության մեջ լիարժեք ինտեգրումը: Նշենք, որ շրջանաձև մրցակարգով անցկացվող առաջնությունը կսպասարկի Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական անձնակազմը:
Մրցանակային տեղեր գրաված թիմերի մարզիկներն ու մարզիչները կպարգեւատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով եւ մեդալներով, իսկ մյուս մասնակիցները` մարզահագուստով եւ խրախուսական մրցանակներով: Մրցաշարի մեկնարկում մրցել են «Սիփան» եւ «Զեյթուն» թիմերը: Հաղթողների անունները հայտնի կդառնա մայիսի 13-ին: