Bloomberg. Իրանը հասել է նավթի արդյունահանման նախապատժամիջոցային մակարդակի
МЕЖДУНАРОДНОЕԱպրիլի արդյունքների համաձայն, Իրանը հասել է արդյունահանման նախապատժամիջոցային մակարդակի, այսինքն վերջին գրեթե 5 տարվա ընթացքում առավելագույնին: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը` վկայակոչելով Միջազգային էներգետիկական գործակալության (ՄԷԳ) տվյալները, որը նշում է, որ հենց Իրանն է պատճառ դարձել ՕՊԵԿ-ի երկրների կողմից 8 տարվա ընթացքում արդյունահանման առավելագույն մակարդակին հասնելուն:
Ապրիլին Իրանը օրական 3,56 մլն բարել է ավելացրել, Իսլամական Հանրապետությունը նման մակարդակի հասել է 2011-ի նոյեմբերին` մինչեւ համաշխարհային հանրության կողմից պատժամիջոցների սահմանումը իրանական միջուկային ծրագրի հետ կապված: Իրանից նավթի արտահանման մակարդակը մեկ ամսում աճել է 40 տոկոսով եւ կազմել է օրական 2 մլն բարել:
Իրանից բացի, ՕՊԵԿ-ում նավթի արդյունահանումն ավելացրել են Իրաքը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), սակայն նրանց ներդրումն այնքան մեծ չէր ընդհանուր ծավալում, ինչպես Իրանի կողմից արդյունահանումն օրական 300 հազար բարելով ավելացնելը: Արդյունքում ապրիլին ՕՊԵԿ-ը 32,76 մլն բարել նավթ է արդյունահանել, կարտելը վերջին անգամ նման մակարդակի էր հասել 2008-ի օգոստոսին:
Որպես իրանական նավթի գլխավոր գնորդներ, հանդես են գալիս Չինաստանը եւ Եվրոպան: Չինաստանը Իրանից գնումներն աճեցրել է ամսական արտահայտությամբ 57 տոկոսով կամ օրական մինչեւ 500 հազար բարելով: Մինչեւ 2012-ին հակաիրանական պատժամիջոցների սահմանումը, Եվրոպան Իրանից օրական 600 հազար բարել էր գնում, հայտնում է Gazeta-ն:



