«ԵԱՏՄ-ն ՀՀ տնտեսության վրա ոչ մի դրական ազդեցություն չի ունեցել». «Իրազեկ քաղաքացիների միավորում»
ЭКОНОМИКАՕրեր առաջ ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ղազախստանի խորհրդարանի առաջ ելույթ ունենալիս հայտարարեց, որ «այս օբյեկտիվ ծանր պայմաններում ԵԱՏՄ-ն իր գործունեության առաջին տարում խաղաց շատ մեծ դրական, ես նույնիսկ կասեի, կայունացնող դեր: Երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառության նվազման ֆոնին ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ ապրանքաշրջանառությունը նվազել է ավելի քիչ»:
Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Տաթեւիկ Վարդանյանի՝ Մատվիենկոն հստակ հայտարարեց, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքաշրջանառությունը նվազել է ոչ միայն երրորդ երկրների հետ, այլեւ նվազել է փոխադարձ ապրանքաշրջանառությունը:
Վերջինս փորձել է պարզել, թե ինչքանով է նվազել ԵԱՏՄ-ի եւ մասնավորապես Հայաստանի ապրանքաշրջանառությունը:
«ԵԱՏՄ երրորդ երկրների հետ արտաքին ապրանքաշրջանառությունը 2016թ. հունվար-փետրվար ամիսներին կազմել է 65,4 միլիարդ ԱՄՆ դոլար, որից արտահանումը՝ 41,6 միլիարդ դոլար, ներմուծումը՝ 23,8 միլիարդ դոլար: 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին ապրանքաշրջանառության ծավալը նվազել է 29,9 տոկոսով կամ 28 միլիարդ դոլարով: ԵԱՏՄ-ում ապրանքների արտահանման ծավալը նվազել է 35 տոկոսով կամ 22,5 միլիարդ դոլարով, ներմուծումը նվազել է 18,9 տոկոսով կամ 5,5 միլիարդ դոլարով: 2016թ. հունվար-փետրվար ամիսներին ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ (ներքին) ապրանքաշրջանառությունը կազմել է 5,3 միլիարդ դոլար, ինչը 17,1 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած»,- ներկայացրել է փորձագետը:
Անդրադառնալով Հայաստանին՝ նա տեղեկացրել է, որ 2016-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է 184,2 միլիոն դոլար, իսկ ներմուծումը՝ 241,1 միլիոն դոլար: «2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ 2016թ. Հայաստանից արտահանումը երրորդ (ԵԱՏՄ-ից դուրս) երկրներ աճել է 14 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 15,8 տոկոսով: 2016թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի ապրանքաշրջանառությունը Բելառուսի հետ կազմել է 2,7 միլիոն դոլար, ինչը 15,9 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է 73,5 տոկոսով: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ աճել է 8,8 տոկոսով եւ կազմել 226,4 միլիոն դոլար»,- հայտնել է Տաթեւիկ Վարդանյանը:
Նրա հավաստմամբ՝ նվազել է ոչ միայն ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը երրորդ երկրների հետ, այլ նաեւ մոտ 17 տոկոսով նվազել է փոխադարձ ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի ներսում: «Այս նվազման միտումներից ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ն ոչ մի դրական ազդեցություն ՀՀ տնտեսության վրա չի ունեցել»,- վերջում հավելել է նա: