Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին՝ Սիրիայում քրդերին աջակցելու համար
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ այցելել է Դիարբեքիր, որտեղ իր ելույթում ԱՄՆ-ին քննադատել է Սիրիայում քրդերին աջակցելու համար. տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը։
Անդրադառնալով քրդերի դեմ Թուրքիայի գործողություններին, Էրդողանը նշել է, որ դրանք շարունակվելու են։
«Որ որ լինի՝ ձեռքին զենք ունեցողի դիմաց մեր անվտանգության ուժերն են ելնելու»,-ասել է նա։
Խոսելով Սիրիայում իրադարձությունների զարգացման մասին՝ Էրդողանը նշել է, որ ահաբեկչական խմբավորումները Թուրքիայում և Սիրիայում միմյանցից չեն տարբերվում։
«Մեզ խոստացվածը սա չէր։ Ես հավատում եմ, որ քաղաքականության մեջ ազնիվ լինել է պետք։ Մեր բարեկամները, ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները չպետք է իրենց զինվորականներին քրդերի տարբերանշաններով զինվորական հագուստ հագցնեն ու Սիրիա ուղարկեն։ Նրանք, որոնք ասում են, որ Սիրիայի քուրդ զինյալներն ու PKK-ն նույնը չեն, թող գան մեզ մոտ ու համոզվեն։ Մենք փաստեր ենք ներկայացնում ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ, դիմում ենք նրանց, սակայն այդ երկրների քայլերը սխալ են»,-հայտարարել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում մեծ աղմուկ էր բարձրացել ամերիկացի զինվորականների՝ քրդական համազգեստով լուսանկարների տարածումից հետո։
Այդ միջադեպից հետո ԱՄՆ-ին քննադատել էր նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ամերիկացիներին «երկերեսանի» անվանելով։



