Բունդեսթագի պատգամավորներին սպառնում են Հայոց ցեղասպանության բանաձեւի պատճառով
ПОЛИТИКАԲունդեսթագի պատգամավորները վերջին օրերին էլեկտրոնային փոստով սպառնալիքներ եւ վիրավորանքներ են ստանում՝ կապված բանաձեւի ընդունման ծրագրերի հետ, որում «Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները ցեղասպանություն են բնորոշվում»: Այս մասին գրում է Spiegel Online-ը:
Բոլոր խմբակցություններում նշել են, որ իրենց պատգամավորները, հատկապես՝ թուրքական արմատներով խորհրդարանականները, վիրավորանքով լի նամակներ են ստացել: Բանաձեւի նախագծի հեղինակ, «կանաչների» համանախագահ Ջեմ Օզդեմիրը տեղեկացրել է, որ էլեկտրոնային փոստով, Facebook-ով եւ Twitter-ով ստացված նամակներում անհայտ անձինք իրեն «դավաճան», «հայ ահաբեկիչ» եւ նույնիսկ «նացիստ» են կոչել:
Որոշ լրագրողներ, որոնք այս թեման լուսաբանելիս «ցեղասպանություն» եզրույթն են օգտագործել, այսպիսի սպառնալիքներ են ստացել. «Դու կմեռնես՝ ինչպես Հրանտ Դինքը»:
Spiegel-ի տվյալներով, այս օրերին Բունդեսթագի պատգամավորներն ու լրագրողները հազարավոր էլեկտրոնային հաղորդագրություններ են ստանում, որոնցում բողոք է արտահայտվում բանաձեւի ընդունման առիթով:
Ըստ ՏԱՍՍ-ի, Բունդեսթագը ծրագրում է բանաձեւի նախագիծը քննարկել հունիսի 2-ին: Դրանում «ցեղասպանություն» բառը հանդիպում է չորս անգամ:



