Ստամենկովիչը համոզված է, որ այս տարի «Շիրակ»-ը Եվրոպայի լիգայում առնվազն երեք փուլ կհաղթահարի
СПОРТԳյումրիի «Շիրակ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը սերբ կենտրոնական պաշտպան Միլոշ Ստամենկովիչի հետ, ով իր կարիերան կշարունակի Ուկրաինայի բարձրագույն խմբում հանդես եկող «Ստալ»-ի կազմում։
Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույզում Ստամենկովիչը խոսել է գյումրեցիների կազմում իր անցկացրած երկու տարիներից. «Ես երկու անմոռանալի տարի անցկացրեցի «Շիրակ»-ի կազմում։ Այդ տարիներն իմ հիշողությունում կմնան ընդմիշտ։ Ես մի շարք ընկերներ ձեռք բերեցի և հպարտ եմ դրանով։ Այս ընթացքում շատ սիրեցի Հայաստանը և հայերին»։
Խոսելով «Շիրակ»-ի կազմում ամենահիշարժան հանդիպումների մասին՝ սերբ ֆուտբոլիստը հիշել է «Ալաշկերտ»-ի հետ վերջին հանդիպումը. «Դա անմոռանալի հանդիպում էր։ Ես գոլային վերջին փոխանցումը կատարեցի, շատ երջանիկ էի այդ պահին։ Ընդհանրապես, այդ հանդիպումը խելահեղ ստացվեց։ Կարող եմ առանձնացնել նաև Զրինսկիի «Մոստար»-ի հետ հանդիպումը։ Երբ ավելացրած րոպեին Ժանը գոլ խփեց, և մենք անցանք հաջորդ փուլ։ Այդ զգացմունքները խոսքերով բացատրելն անհնար է։
«Շիրակ»-ը մեկ ընտանիքի նման է, երկրպագուները միշտ թիմի կողքին են, նրանք աջակցում էին մեզ ամենուր, նույնիսկ Կապան էին հասնում։ Ես զարմացած էի, թե ինչքան երկրպագուներ «Շիրակ»-ն ունի Հայաստանից դուրս՝ ԱՄՆ-ում, Շվեդիայում։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Շիրակ»-ի մարզչական շտաբին, ակումբի ղեկավարությանը և խաղընկերներիս միշտ ինձ ջերմությամբ վերաբերվելու համար։ Իսկ «Շիրակ»-ին ցանկանում եմ հաջողություն Եվորապա լիգայի հանդիպումներին, համոզված եմ, որ այս անգամ նրանք առնվազն երեք փուլ կանցնեն։ Ես հետևելու եմ բոլոր հանդիպումներին և երկրպագելու եմ իմ նախկին թիմին» - եզրափակել է կենտրոնական պաշտպանը։