Արթուր Աբրահամը խոսել է Բունդեսթագի որոշման մասին
СПОРТTert.am-ը գրում է.
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը խոսել է Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի կողմից օրեր առաջ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման մասին:
«Ես` բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, հպարտ եմ, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ:
Մենք` Գերմանիայում ապրող հայերս, այստեղ գործող բազմաթիվ հայկական կառույցներ, կազմակերպություններ, անհատներ տարիներ ի վեր ջանք չենք խնայել այս համահայկական նշանակության հարցին ծառայելու համար: Այդպես էլ պետք է լինի: Մենք ամբողջ աշխարհում պետք է շարունակենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը եւ հատուցմանը միտված մեր պայքարը՝ այդ նպատակին ծառայեցնելով ցանկացած ամբիոն, իմ դեպքում` նաև ռինգը:
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կանխելու է ցեղասպանական նոր ոճրագործություններ և պարարտ հող է նախապատրաստելու ազգերի մերձեցման համար:
Միշտ և ամենուր հպարտանում եմ, որ հայ եմ, այսօր կրկնակի հպարտ եմ, քանի որ պետությունը, որտեղ բնակվում եմ` Գերմանիան, ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ»,- Աբրահամի խոսքը մեջբերում է բռնցքամարտիկի մամուլի քարտուղարը: