Լամերտը դատապարտել է Էրդողանի հայտարարությունները Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման առնչությամբ
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտն իր վրդովմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման առնչությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանությունների առնչությամբ: Միաժամանակ նա նաև դատապարտել է թուրք ծագում ունեցող գերմանացի 11 պատգամավորներին թիրախավորող, ատելություն պարունակող սպառնալիքները: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle գործակալությունը:
«Ես չէի կարող մտածել, որ 21-րդ դարում երկրի` ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարը կքննադատի Գերմանիայի Բունդեսթագի անդամներին` կասկածներ բարձրացնելով նրանց թուրքական ծագման մասին և որակելով նրանց արյունը որպես «ոչ մաքուր»,- Բունդեսթագում հունիսի 9-ին ասել է Լամերտը: Նա նաև հերքել է բոլոր մեղադրանքներն առ այն, թե «Բունդեսթագի պատգամավորները ահաբեկչական խոսնակներ են»:
Լամերտն ընդգծել է, որ շատ հաճախ Բունդեսթագի թուրք ծագում ունեցող պատգմավորների դեմ հնչեցվող սպառնալիքները խրախուսվում են բարձրաստիճան թուրք պաշտոնյաների կողմից: «Ցանկացած մեկը, ով կփորձի ճնշում գործադրել խորհրդարանականների նկատմամբ սպառնալիքներ կիրառելով, թող իմանա հետևյալը. այդպիսով նրանք հարձակում կգործեն ողջ խորհրդարանի նկատմամբ»,- ասել է Լամբերտը` հավելելով, որ Բունդեսթագում ներկայացված կուսակցությունների առաջնորդները դիմել են իրեն մեկընդմիշտ բարձրացնելու իրենց հավաքական դիրքորոշումը:
Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին»անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն:
Բանձևի ընդունումից հետո Բունդեսթագի թուրքական ծագում ունեցող 11 պատգամավորները սկսեցին թիրախավորվել ոչմիայն թուրք քաղաքացիների, այլև Թուրքիայի պաշտոնատար անձանց կողմից: Մասնավորապես, Էրդողանը հայտարարեց, որ նրանց արյունը պետք է փորձաքննության ենթարկել, իսկ ավելի ուշ«այլանդակ» անվանեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ջատագովներից համարվող Ջեմ Օզդեմիրին:



