Մարկոս. Եթե այսպես շարունակվի, ստիպված եմ դիմել ՈւԵՖԱ-ին
СПОРТՀայաստանի հավաքականի եւ «Ալ-Ռաեդի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին «sports.kz»-ին հայտնել է, որ ղազախական «Ակտոբեի» հետ պայմանավորվածությունների շրջանակում իրեն հասանելիք գումարը դեռ չի ստացել:
Այն հարցին, թե «Ակտոբեի» հետ պայմանագրի խզումից հետո արդյո՞ք գումար դեռ չի ստացել, Մարկոսը հետեւյալ կերպ է պատասխանել.
«Ցավոք, այո: Ես ամեն ինչ արեցի, որպեսզի ակումբի համար խնդիր չդառնամ: «Ակտոբեն» այդպես էլ չի տվել գումարը, որի մասին պայմանավորվել ենք: Ես հույս ունեմ, որ կվճարեն, քանի որ ես մեծ գումարներից եմ հրաժարվել ակումբին օգնելու համար: Գիտեմ, որ ակումբը որոշ ֆուտբոլիստների վճարել է, սակայն ինձ՝ դեռ ոչ:
Ես իրոք չգիտեմ, թե ինչու են նրանք ինձ հետ այսպես վարվում. անգամ չենք կարողանում կապնվել: Ես ցանկանում եմ, որ պրոֆեսիոնալ մոտեցում լինի:
Ցավոք, եթե այսպես շարունակվի, ստիպված եմ դիմել ՈւԵՖԱ-ին. սակայն դա վերջին պարագայում: Հույս ունեմ, որ նրանք կպատասխանեն իմ գործակալի՝ Տիգրան Մկրտչյանի հեռախոսազանգերին:
Ես երբեք նման իրավիճակում չեմ հայտնվել. նախկինում իմ բոլոր ակումբները պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերել»: