Էլինար Վարդանյանը 28 միլիոն դրամով նոր բնակարան է գնել
ЭКОНОМИКАԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նախորդ տարի 28 միլիոն դրամով նոր բնակարան է ձեռք բերել:
Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված 2015թ. գույքի եւ եկամուտների հայտարարագրից:
Վերջինիս դրամական միջոցները նախորդ տարի նվազել են՝ հինգ միլիոն դրամ եւ 70 հազար ԱՄՆ դոլարից դառնալով երեք միլիոն 500 հազար դրամ եւ 30 հազար ԱՄՆ դոլար, իսկ ամուսնու՝ Կարեն Զաքարյանի դրամական միջոցները տարվա ընթացքում մնացել են անփոփոխ՝ 30 հազար ամերիկյան դոլար:
Էլինար Վարդանյանը նախորդ տարի 32 միլիոն 221 հազար 316 դրամի եկամուտ է ունեցել, որից ութ միլիոն 340 հազար 630 դրամը պատգամավորական աշխատավարձն է, 580 հազար 686 դրամը՝ մեկ այլ աշխատավարձ եւ 23 միլիոն 300 հազար դրամն էլ կազմում են փոխառությունները:
Իր պատգամավոր կնոջից յոթն անգամ պակաս եկամուտ է ունեցել ամուսինը՝ չորս միլիոն 373 հազար 504 դրամ աշխատավարձ: Հիշեցնենք, որ նախորդ տարի Էլինար Վարդանայնը հեռացվել է ԲՀԿ-ից այն պատճառաբանությամբ, որ չէր արձագանքում խմբակցության քարտուղարի զանգերին, ինչպես նաեւ չէր մասնակցում կուսակցության մարզային հանդիպումներին:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան