Երբ տեսնում ես այսպիսի տաղանդավոր տղաների, ովքեր հայ ազգի պատիվը բարձր են պահում, հպարտանում ես, որ հայ ես. Գագիկ Ծառուկյանն ընդունել է հայ մարմնամարզիկներին
СПОРТՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպայի առաջնությունից վերջերս վերադարձած մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներին և գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Հանդիպման ընթացքում ՀԱՕԿ նախագահը շնորհավորեց հայ մարզիկներին, ինչպես նաև Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ, ՀԱՕԿ պատվավոր նախագահ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա նախագահ Ալբերտ Ազարյանին՝ Եվրոպայի առաջնությունում գերազանց արդյունք գրանցելու համար:
«Երբ տեսնում ես այսպիսի տաղանդավոր տղաների, ովքեր հայ ազգի պատիվը բարձր են պահում, հպարտանում ես, որ հայ ես: Շնորհավորում եմ բոլորիդ: Սպասված արդյունքներն արդեն կան: Պետք է կարողանաք ավելի շատ ներդնել և ուրախացնել և՛ ձեր ծնողներին, և՛ մարզիչներին, և՛ ժողովրդին, և՛ մեզ: Դուք շատ մոտ եք կանգնած դրան: Նայելով ձեր մարզիչի աչքերին՝ տեղնում ես այն ուրախությունը, որը միայն հարազատի աչքերում կտեսնեիք: Ձեր հաջողությունը առաջին հերթին նրանցն է: Դուք միշտ մեր ուշադրության կենտրոնում եք: Ցանկացած հարց, դիմում, խնդրանք անպատասխան չի մնացել և չի մնա: Ձեր կողքին ենք լինելու»,- ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամները նվաճել են 1 ոսկե և 3 արծաթե մեդալ: Նժույգթափ վարժությունում Եվրոպայի չեմպիոն դարձավ Հարություն Մերդինյանը: Երիտասարդների մրցապայքարում արծաթե մեդալ էր նվաճել Արթուր Ավետիսյանը: