Վրեժ Գասպարյանի ընտանիքը մի քանի բնակարան է ժառանգել
ЭКОНОМИКАԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանի ընտանիքը նախորդ տարի ժառանգությամբ մի քանի բնակարան է ստացել: Այս մասին իմանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված Վրեժ Գասպարյանի ու իր կնոջ 2015թ-ի հայտարարագրերից:
Ըստ Վրեժ Գասպարյանի հայտարարագրի՝ նա նախորդ տարի որպես ժառանգություն է ստացել 15 միլիոն դրամ արժողությամբ բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածք: Կինն էլ՝ Լաուրա Նավասարդյանը, նույնպես ժառանգության կարգով երկու բնակարան է ստացել՝ համապատասխանաբար հինգ եւ երեք միլիոն դրամ արժողությամբ, ինչպես նաեւ եւս մեկ, դեռեւս կադաստրում չգրանցված երեք միլիոն դրամ արժողությմաբ անշարժ գույք:
ԱԺ նախագահի խորհրդականի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 41 միլիոն դրամ եւ 39 հազար ամերիկյան դոլար: Կինը աշխատանք չունենալով հանդերձ՝ հայտարարագրել է երկու միլիոն 500 հազար դրամ, 70 հազար ԱՄՆ դոլար եւ 85 հազար եվրո:
Վրեժ Գասպարյանը իր հայտարարագրում որպես 2015թ-ի եկամուտներ է նշել յոթ միլիոն 169 հազար 500 դրամը աշխատավարձը, իսկ կինը՝ միայն 489 հազար 600 դրամ կենսաթոշակ:
Նշենք, որ Վրեժ Գասպարյանը նաեւ ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, ունի իրավաբանի մասնագիտություն:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան