Մխիթարյան. Տուխելն ինձ համար դաշտում լավագույն դիրքն է ընտրել
СПОРТԴորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել գերմանական «Der Westen» պարբերականին՝ ամփոփելով ավարտված մրցաշրջանը, խոսելով ներկայիս մարզավիճակից ու ապագայի ակնկալիքներից, թիմի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի՝ իր վերաբերյալ կայացրած որոշումներից։
-Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ սկսել եք նոր բավականություն ստանալ ֆուտբոլից։
-Իսկ ինչո՞ւ ոչ։ Դրական տրամադրվածության դեպքում հնարավոր է դառնում ներդնել հնարավորություններիցդ ավելինև լուծել առաջադրանքները։ Հիմա ինձ շատ լավ եմ զգում։
-Եթե ենթադրենք, որ ֆուտբոլից ստացած հաճույքն է նպաստում Ձեր զարգացմանը, դա շա՞տ մակերեսային դիտարկում կլինի։
-Իմ կյանքում ինչ-ինչ բաներ փոխվել են: Ինչ խոսք, դրանց մեծ մասի մասին ես կլռեմ, քանի որ դա իմ գաղտնիքն է, սակայն ժամանակ առ ժամանակ փոփոխություններ են լինում: Փոխվում է նաև մեր խաղացած ֆուտբոլը. դրա սխեման, ինչն ինձ դուր է գալիս։ Թոմաս Տուխելն ինձ համար դաշտում լավագույն դիրքն է ընտրել:
-Ձեզ համարում են ուշադիր և զգացմունքային խաղացող...
-Ես ուղղակի այդպես եմ մեծացել: Երբ ինչ-որ բան այն չէ, իմ գործերն էլ են վատ ընթանում: Այն, որ «Բորուսսիան» ինձ համար 27 միլիոն եվրո է վճարել, ինձ հոգեբանորեն ավելի բարդ դրության մեջ էր դնում։ Ամեն դեպքում դա արդեն անցյալում է, իսկ հիմա ավելի հանգիստ եմ ու ազատ։ Ժամանակի հետ սովորել եմ վերլուծել խնդիրները, լուծել դրանք և մշտապես չհիշելլ այդ մասին:
-Ձեզ նկարագրում են որպես համեստ ու երբեմն մելանխոլիկ մարդու. դա ներկայիս ֆուտբոլում խնդիր չէ՞:
-Ես երբեմն եսասեր էլ եմ լինում, սակայն չեմ կարող ուրիշ լինել, քանի որ իմ բնավորությունն այսպիսին է: Երբեմն պետք է առաջին հերթին ինքդ քո մասին մտածել, քանի որ գոլ խփելու կամ վճռական փոխանցման համար ինքնավստահություն է պետք։
-Շրջագայությունների ընթացքում Ձեզ թիմից կտրված չե՞ք զգում, երբ գրեթե բոլորը «PlayStation» են խաղում, իսկ Դուք նախընտրում եք համակարգչով շախմատ խաղալ:
-Դա ինձ երբեմն նյարդայնացնում է (ժպտում է): Նախկինում շատ էի խաղում համակարգչային խաղեր, իսկ այժմ ավելի շատ շախմատ եմ խաղում, կարդում եմ, ֆիլմեր եմ դիտում կամ ազատ ժամանակ եմ անցկացնում հարազատներիս ու ընկերներիս հետ:
- Ինչքանո՞վ է Ձեզ համար կարևոր հայրենիքը:
-Շատ կարևոր է. ես հայրենիքում ամեն տարի լինում եմ: Շատ երջանիկ եմ, որ այնտեղ եմ ծնվել: Կարող եմ ասել, որ Երևանը շատ եմ կարոտում:
-«Բորուսսիայի» հետ չե՞ք ցանկանում ժամանակից շուտ երկարաձգել պայմանագիրը:
-Ես մինչև 2017 թվականը պայմանագիր ունեմ: Ինչ խոսք, երբեք չգիտես, թե ինչ կպատահի ֆուտբոլում: Իմ բոլոր մտադրությունները «Բորուսսիայի» հետ են կապված:
- Ի՞նչ ազդեցություն ունի Թոմաս Տուխելը Ձեր այժմյան մարզավիճակի վրա:
-Նա ինձ մարզումների ընթացքում շատ է օգնում, որ ավելիին ընդունակ լինեմ խաղադաշտում: Դա ոչ միայն ինձ է վերաբերում, այլև ամբողջ թիմին:
- Ինչպե՞ս է նա շփվում ֆուտբոլիստների հետ:
-Նա անպատկերացնելի մանրակրկիտ ձևով է կատարում իր աշխատանքը, դիտարկում է բոլոր մանրամասները: Նա գիտի՝ ինչպես թիմն ավելի ուժեղ դարձնել: Մենք շատ բան ունենք նրանից սովորելու. նա շատ հարմար մարզիչ է «Բորուսսիայի» համար:
-Նախորդ մրցաշրջանը ձախողված համարո՞ւմ եք:
-Այդպես չեմ կարծում: Երբեմն 2 քայլ առաջ գնալու համար պետք է մեկ քայլ ետ գնալ: Անհնար է մշտապպես կայունություն պահպանել։ Խնդիրներն ավելի ուժեղ են դարձնում:
-Արդյո՞ք նոր մրցաշրջանը Ձերն է լինելու:
-Ես երբեք չեմ հրաժարվի իմ հեռանկարային նպատակներից, չեմ մոռանա, թե ինչ պետք է անեմ խաղադադաշտում: Կարծում եմ՝ լավ մրցաշրջան ենք անցկացնելու: Խաղադաշտում կերևա՝ մրցաշրջանն ինձ համար լա՞վը կլինի, թե՞ ոչ: