«Չորրորդ իշխանություն». Իրականում ՀԷՑ-ի շահույթն այս տարվա առաջին եռամսյակում ոչ թե նվազել, այլ աճել է՝ 65,3 տոկոսով
ЭКОНОМИКА«Ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այդ ընկերության հայաստանյան սեգմենտի (այսինքն՝ ՀԷՑ-ի) շահույթն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 65,3 տոկոսով՝ 3,4 միլիարդ ռուբլուց հասնելով 5,7 միլիարդի:
«ՉԻ» - Փաստորեն՝ մինչ ՀԷՑ տնօրեն Բիբինը Հայաստանում հոնգուր-հոնգուր լաց է լինում ու բողոքում, որ վնասով է աշխատում, նրա վերադասը Մոսկվայում հրապարակում է պաշտոնական թվերը՝ այդ ընկերության հասույթը Հայաստանում առաջին եռամսյակում կազմել է մոտ 102 միլիոն դոլար (օրական 1,1 միլիոն): Ուշադրություն դարձրեք՝ պաշտոնապես այս աճը բացատրվում է նրանով, որ նշված ժամանակահատվածում հայկական դրամը ռուսական ռուբլու նկատմամբ կտրուկ արժեվորվել է: Մինչդեռ Հայաստանում ՀԷՑ ղեկավարությունը ցանկանում է էլեկտրաէներգիան թանկացնել հենց այն պատճառով, որ ռուբլին արժեզրկվել է (մինչդեռ դա միայն ավելացնում է այդ ընկերության շահույթը՝ չէ՞ որ բնակչությունը հոսանքի համար ոչ թե ռուբլով է վճարում, այլ դրամով):
Հետաքրքիր է՝ ՀԷՑ ղեկավարությունը ծանո՞թ է իր իսկ վերադասի հրապարակած թվերին, թե՞ պարզապես օրական 1,1 միլիոն դոլարը քիչ է համարում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։